Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ

Սիրելի տատիկներ և պապիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ։
Հայը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ավագների հանդեպ։ Նրանց իմաստուն խորհուրդներով են երիտասարդներն առաջնորդվել կյանքի ճանապարհին։ Ընտանիքի,գերդաստանի հենասյունը և օջախի պահապանն են մեր մեծերը, մեր դարավոր արժեքներն ավանդույթի ուժով մեզ հասցնողը։ Մեր պապերն են անցյալից դեպի ապագա միտվող ազգային ժառանգության կապն անքակտելի պահող Նահապետները։ Մեր մամիկներն են բարության և ինքնանվիրումի բացառիկ օրինակները։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ մտորելու տարեցների խնդիրների մասին։ Նրանց անհոգ ծերությունը բոլորիս պարտքն է։ Առանձնահատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն ճակատագրի բերումով տարեցների տանը բնակվող տատիկներն ու պապիկները։
Սիրելի ծնողներ, տատիկներ և պապիկներ, Վանաձոր համայնքի ավագանու և անձամբ իմ անունից ջերմությամբ և սիրով լեցուն կյանք եմ մաղթում։ Մշտապես եղեք որդիներով, թոռներով և ծոռներով շրջապատված։ Ձեր իմաստուն խորհուրդներով ուղղորդեք, օրհնությամբ զորավիգ եղեք բոլորիս։ Որդիական սիրով առողջություն և երկար կյանք եմ մաղթում, սիրելի տարեցներ։

You May Also Like