Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ

Դանիելյան Սերգեյ

Սերգեյ Միհրանի Դանիելյանը ծնվել է 1945  թվականի հունվարի 6-ին Կիրովական քաղաքում  Էրզրումից գաղթած տոհմիկ քարագործների  ընտանիքում: 1961 թվականին ավարտել է տեղի  թիվ 6 միջնակարգ դպրոցը: Դպրոցին զուգահեռ  գերազանց գնահատականներով ավարտել է  Կիրովականի Աղաջանյանի անվան նկարչական  դպրոցը: 1961 թվականին ընդունվել է Երևանի Թերլեմեզյանի անվան նկարչական  ուսումնարանը, սակայն ընտանեկան ծանր  պայմաններից ելնելով ուսումը չի ավարտել: 1962 թվականին ընդունվել է աշխատանքի Կիրովականի մեխանիկական գործարանում որպես փականագործի աշակերտ: Երկու տարի  աշխատելուց հետո անցել է ծառայության  Սովետական բանակում: Ծառայությունն  ավարտելուց հետո աշխատել է Կիրովականի  Ավտոմատիկա գործարանում, որպես  փականագործ: 1968-1971թթ. զբաղվել է ոսկերչությամբ։ 1971 թվականին աշխատանքի է  անցել քարի արտադրամասում, որպես նկարիչ - ձևավորող: Այդ աշխատանքին զուգահեռ ստեղծել  է իր առաջին խաչքարերը և մինչ օրս զբաղվում է այդ արվեստով: Երկար ու ձիգ տարիների ընթացքում ստեղծել է շուրջ 700-ից ավելի խաչքարեր, որոնցից շատերը գտնվում են արտասահմանյան տասնհինգ երկրներում Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Շվեդիա, Հունաստան, Լեհաստան, Լիբանան, Կիպրոս, ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան և այլն: Խաչքարեր կերտելուն զուգահեռ զբաղվել է քարերի գեղարվեստական ձևավորմամբ: Ժողովրդական արվեստի պետական թանգարանում ունի շուրջ  ութ աշխատանք  քարերի տարբեր տեսակներից՝ սափորներ և սկահակներ: 1980 թվականին նրան շնորհվել է  Ժողովրդական վարպետի  պատվավոր կոչում:  Մասնակցել է քաղաքային, հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների, արժանացել դիպլոմների և մեդալների: Համամիութենական ցուցահանդեսի դափնեկիր է, ԺՏՆՑ –ի դիպլոմատ, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի քաղաքապետարանի ոսկե մեդալակիր: 2000 թվականին  նրան շնորհվել է Լոռվա ասպետ պատվավոր կոչումը: 2014 թվականին նախագահի հրամանագրով պարգևատրվել է երախտագիտության մեդալով: 2018 թվականին պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հոբելյանական մեդալով: 2019 թվականին նրան շնորհվել է Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչումը: Իր գործունեության ընթացքում աշակերտել է 40-ից ավելի երիտասարդների, խաչքարագործության դպրոցի հիմնադիրն է։