Օրերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատասենյակում կայացավ քաղաքացիների այս ամսվա ընդունելությունը:
33 գրանցվածներից քաղաքացիների ընդունելությանը ներկայացել էին 26 հոգի: 7 քաղաքացի դիմել էր բնակարանի և հանրակացարանի խնդրանքով, 5 հոգի՝ աշխատանքի տեղավորման, 2 հոգի՝ վառելափայտի տրամադրման խնդրանքով: Կային նաև տարածքների վիճահարույց հարցերով դիմողներ: Բոլոր հարցերին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու ընդունելությանը ներկա բաժինների պետերի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:
Ի պատասխան բնակարանի հարցով դիմողներին, համայնքի ղեկավարը նշեց, որ ներկայումս քաղաքապետարանն իր տրամադրության տակ տներ չունի: Թեև Վանաձորի քաղաքապետարանի, <Առդա> բարեգործական և <Ֆուլեր> տնաշինական ընկերության կողմից նախատեսվում է 2016-ին բնակարաններ կառուցել, այնուամենայնիվ ծրագիրն իր շահառուներին ընտրում է տնակային ավանի բնակիչներից: Սամվել Դարբինյանը, սակայն վերջում հույս հայտնեց, որ նրանց խնդրանքը նկատի կառնվի և հնարավորության դեպքում աջակցություն կտրամադրվի:
Քաղաքացիների հետ զրուցելուց բացի դիտարկվեց նաև ստացված մոտ 8 դիմում: Ճարտարապետության և քաղաքաշինության, համատիրությունների և բնակարանային տնտեսության և սոցիալական հարցերով զբաղվող բաժինների ղեկավարներին 11 խնդրի շուրջ տրվեցին հանձնարարականներ: Սամվել Դարբինյանը կարգադրեց ուսումնասիրել վիճահարույց հարցերը և զեկույցներ ներկայացնել: