Վանաձորի երիտասարդությունը և հասարակական կազմակերպությունները սոցիալական ցանցերում հանդես էին եկել «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնությամբ, որի շրջանակներում շուրջ երկու տասնյակ երիտասարդներ , տրանսպորտի գների թանկացման դեմ պաստառներով հուլիսի 22-ին հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց:Նախաձեռնող խումբը համապատասխան հանրային լսումների գրավոր պահանջ ներկայացրեց քաղաքապետին: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատրաստակամ իր աշխատասենյակում ընդունեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին: Նախաձեռնող խումը քաղաքապետից պահանջում էր հանրային քննարկումներ անցկացնել տրանսպորտի վերջնական գնի որոշման գործընթացում: Քաղաքապետը տեղեկացրեց, որ առայժմ տրանսպորտային կազմակերպությունները որևէ հիմնավորված գնային առաջարկ չեն ներկայացրել : Քաղաքապետը տեղեկացրեց, որ տրանսպորտային կազմակերպություններն ընդամենը գրություն են ներկայացրել քաղաքապետարանին, որ ներկա գնային պայմաններում ներքաղաքային տրանսպորտի հետագա շահագործումն անհնար է: Սակայն դեռևս ոչ մի կազմակերպություն չի ներկայացրել հիմնավորում: Ինչպես նշեց քաղաքապետը հանդիպման ժամանակ, երբ տրանսպորտային կազմակերպությունները կներկայացնեն գնային առաջարկ, դրանք կքննարկվեն մասնագիտական խմբերի կողմից և եթե հիմնավորված կհամարվի գնի թանկացումը, այդ պարագայում անպայման հանրային լսումներ կիրականացվեն և այդ լսումներին կմասնակցեն նաև «Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները: Նախաձեռնող խումբը տեղեկացավ նաև այս հարցում քաղաքապետի տեսակետին: «Ես գտնում եմ, որ սոցիալական այս ծանր իրավիճակում քաղաքապետը և քաղաքապետարանը պետք է հարցի լուծման այնպիսի տարբերակ գտնեն, որը կբխի վանաձորցիների շահերից: Եթե պարզվի,որ տրանսպորտային կազմակերպությունների կողմից մեկ ուղևորի տեղափոխման համար հաշվարկված գինը արհեստականորեն բարձր է և կարելի է շահագործել նախկին գնի սահմաններում , ապա գինը միանշանակ չի փոխվի և հանրային լսումների կարիք էլ չի լինի:Իսկ եթե հաշվարկները ցույց տան, որ այս կամ այն չափով թանկացումն անհրաժեշտ է, այդ չափը իրական է և հիմնավորված , ապա պետք է ընդառաջ գնալ տրանսպորտային կազմակերպություններին, որպեսզի քաղաքը չզրկվի ներքաղաքային տրանսպորտից », ասել է Վանաձորի քաղաքապետը: Սակայն քաղաքապետը նաև հավելել է, որ անհրաժեշտ է իրատես լինել և հաշվի առել, որ վերջին տարիներին 40-ից 60 տոկոսով թանկացել են մեքենաների սպասարկմանն անհրաժեշտ պահեստամասերի, քսայուղերի և այլ կարգի օժանդակ ու հարակից ծախսերը: Հետևաբար ,միանշանակ բացառել, որ թանկացումներ չեն լինի, իրատեսական չէ: