Նոյեմբերի 5-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում նշվեց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի 20-ամյակը, որին, ի թիվս բարձրաստիճան հյուրերի և սպորտի նվիրյալների, հրավիրված էր նաև Վանաձորի պատվիրակությունը՝ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ։ Ջերմ ընդունելության ընթացքում շնորհավորելով ֆեդերացիայի ղեկավարությանը և Գյումրու քաղաքապետին՝ Վանաձորի համայնքապետը մաղթեց մարզական նոր ձեռքբերումներ, խոսեց Վանաձոր-Գյումրի հարաբերությունների ամրապնդման, համատեղ իրականացվելիք ծրագրերի, երկու համայնքների միջև գործնական և բարեկամական հարաբերությունների Նոր էջի մասին։
Հաշվի առնելով ըմբշամարտում ներդրած ավանդը, բազմամյա արդյունավետ աշխատանքային գործունեությունը՝ Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ըմբշամարտում ներդրած ավանդի և արդյունավետ աշխատանքային գործունեության համար Գյումրու քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվեցին նաև մի խումբ մարզիչներ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ընդգծեց՝ Գյումրին մշտապես աչքի է ընկել իր մարզիկ մարզիչներով, տվել Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ տարբեր սպորտաձևերում և իրավամբ վաստակել «Սպորտի մայրաքաղաք» անունը: Տոնական օրվա հանդիսավոր արարողությանը հաջորդեց ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված ըմբշամարտի մրցաշարը, որի հաղթողներին պարգևատրեց նաև Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։