2019 թվականի փետրվարի 13-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, տեղակալը, խորհրդականները, աշխատակազմի քարտուղարը, աշխատակազմի բաժինների պետերը և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Համայնքի ղեկավարը ներկաների համար հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ համայնքապետարանը պատասխանատու շրջան է թևակոխում և սահմանված ժամկետներում ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի համայնքապետարանի 2019թ. աշխատանքային պլանը, բացի այդ, հանրային քննարկման փուլում են համայնքի ղեկավարի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունները: Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց համապատասխան բաժինների ղեկավարներին շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ և վերջնական տեսքի բերել փաստաթղթերը՝ հաշվի առնելով նաև հանրային քննակումների ամփոփումը:
Համայնքի ղեկավարը հիշեցրեց նաև, որ ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նոր կարգը լայն հնարավորություն է տալիս համայնքներին սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել պետական համաֆինանսավորման նպատակով և անհրաժեշտ է որպես առաջնահերթություն դիտարկել երկու պուրակների ՝ Արցախի և Ռ. Սևակի, մեկ հրապարակի՝ Թատերական, բարեկարգման ծրագրերը: Հաշվի առնելով այն փաստը, որ 2019թ.-ը նշանավորվում է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակով, հանձնարարվեց կատարել նախնական հաշվարկներ և ներկայացնել ծրագիր՝ քաղաքի Թումանյան փողոցի վերանորոգման նպատակով:
Քննարկվեցին նաև քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին, չսահմանված վայրերում բացօթյա առևտրին, հասարակական տրանսպորտի աշխատանքներին, համայնքապետարանի և առանձնացված ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին ծառայություների մատուցման որակին, համայնքապատկան հանրակացարաններում համակեցության պատշաճ կարգ ու կանոն հաստատելուն առնչվող հարցեր և տրվեցին հանձնարարականներ համապատասխան բաժինների պետերին և ծառայությունների ղեկավարներին:
Քննարկվեցին նաև համայնքապետարանի գործառույթներին վերաբերող այլ խնդիրներ և տրվեցին հանձնարարականներ դրանց լուծման նպատակով: