Մարզի ղեկավարը Վանաձորի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել

Այսօր՝ փետրվարի 24-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ:
🔹Մարզի ղեկավարը նշել է, որ խորհրդակցության հրավիրման նպատակը համայնքի կողմից 2024թ. իրականացված և 2025թ. նախատեսվող աշխատանքների քննարկումն է և անդրադարձը համայնքային մի շարք խնդիրների:
🔹Արկադի Փելեշյանը ողջունել է մարզպետ Արամ Ղազարյանի՝ նման ձևաչափով խորհրդակցություն հրավիրելու նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին ցանկացած խնդրի դեպքում արագ արձագանքելու և հատկապես վերջին օրերին ձնամաքրման աշխատանքներում ծանր տեխնիկայի ներգրավման և իրականացվող աշխատանքների կանոնակարգման հարցում մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
🔹Համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կոմունալ տնտեսության, աղբահանության, բարեկարգման, քաղաքաշինության, եկամուտների հավաքագրման և մի շարք այլ ուղղություններով իրականացված և այս տարվա համար նախատեսված աշխատանքները:
🔹Արամ Ղազարյանը կարևորել է համայնքում առկա խնդիրներն ըստ հրատապության դասակարգելը և դրանց լուծումն՝ ըստ առաջնահերթությունների:
«Համայնքային բոլոր խնդիրները պետք է բակառբակ գույքագրված լինեն և դասակարգվեն՝ ըստ կարևորության, որից հետո համակարգված քայլեր իրականացվեն դրանց լուծման ուղղությամբ»,-ասել է մարզի ղեկավարը:
Արամ Ղազարյանն իր դժգոհությունն է հայտնել ձնամաքրման աշխատանքների կազմակերպման հետ կապված և ընդգծել, որ համակարգված աշխատանք չի իրականացվել և անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել խնդրի ամբողջական լուծման ուղղությամբ:
🔹Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանը նշել է, որ համայնքը ներկա պահին չունի բավարար տեխնիկական միջոցներ և մարդկային ռեսուրսներ նման ծավալի տեղումների պարագայում աշխատանքների լիարժեք կազմակերպման համար, ինչին ի պատասխան մարզպետը կարևորել է ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացումը, անհրաժեշտության դեպքում՝ պայմանագրային հիմունքներով տեխնիկայի և աշխատուժի ներգրավումը:
Խնդիրը, թեև հնարավոր է եղել կարգավորել, սակայն շեշտը դրվել է հիմնականում կենտրոնական փողոցների վրա, մինչդեռ, ինչպես ընդգծել է Ա. Ղազարյանը, համայնքը միայն կենտրոնական հատվածներով չի սահմանափակվում և անհրաժեշտ է մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել քաղաքի մյուս թաղամասերում ևս:
🔹Համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանն ընդգծել է, որ 2025թ․-ի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է համայնքի կարիքների համար ձեռք բերել ծանր տեխնիկա։ Համայքնը կգնի նաև մայթերի ձնամաքրման համար անհրաժեշտ տեխնիկա։
🔹Մարզպետը կարևորել է նաև յուրաքանչյուր իրավիճակի հետ կապված հստակ գործողությունների պլան ունենալու անհրաժեշտությունը՝ սկսած կոմունալ- կենցաղային հարցերից մինչև մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպում:
🔹Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ձնամաքրման աշխատանքների, աղբահանության պատշաճ կազմակերպման, ապօրինաշինությունների կանխարգելման, բակերն ու փողոցները կամայական կառույցներից ազատելու, սուրճի ապարատների, վճարման տերմինալների չկանոնակարգված գործունեության հետ կապված, թափուր աշխատատեղերի համար մրցույթների՝ անաչառության սկզբունքով կազմակերպման և մի շարք այլ հարցերի:
🔹Արամ Ղազարյանը նշել է, որ թեև համայնքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել և շարունակվում են իրականացվել, այդուհանդերձ դեռևս մի շարք բացթողումներ կան, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել և ամենօրյա աշխատանքներ իրականացնել:
Մարզի ղեկավարը հորդորել է հատկապես հետևողականություն ցուցաբերել քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների նկատմամբ և արագ արձագանքել, համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
«Ձեզ՝ բոլորիդ, բացառիկ հնարավորություն է տրված ծառայելու ձեր համայնքին, և շատ կարևոր է, որ այս ժամանակահատվածը կարողանաք օգտագործել համայնքը զարգացնելու, առկա խնդիրները լուծելու նպատակով»,-ասել է Արամ Ղազարյանը:
Անդրադարձ է կատարվել նաև «Լոռվա ձմեռ» ամենամյա մարզատոնահանդեսի՝ բարձր մակարդակով կազմակերպման անհրաժեշտությանը:
🔹Ամփոփելով քննարկումը՝ մարզպետը նշել է, որ 2025թ. պետք է կրկնապատկել ջանքերը բոլոր ուղղություններով՝ Վանաձորն առավել բարեկարգ դարձնելու և շարունակական զարգացում ապահովելու համար:

You May Also Like