Այսօր՝ օգոստոսի 26-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ: Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Գոռ Բադյանը: Ներկա էին հանձնաժողովի անդամները, ոստիկանության Տարոնի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանը, փաստաբան Կարեն Թումանյանը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի ներկայացուցիչները:
Օրակարգում 3 հարց էր, որոնք ըստ առաջնահերթության ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը: Առաջին հարցով հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացված Ն. Դ.-ի դիմումը՝ իրեն խնամակալի պարտականություններից ազատելու մասին: Հանձնաժողովը քննեց հարցը, լսեց կողմերին և որոշեց անփոփոխ թողնել խնամակալի կարգավիճակը՝ խնամակալության տակ գտնվող երեխայի հետագա իրավական հարցերը կարգավորելու նպատակով:
Երկրորդ հարցով քննվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի գրությունը՝ անգործունակ Մ. Ս.-ի խնամակալ Ա. Ս.-ին խնամակալի պարտականություններից ազատելու մասին: Հանձնաժողովը հարցին կողմ քվեարկեց:
Վերջին հարցով քննվեց Վ. Շ.-ի դիմումը՝ անչափահասի գույքը գրավ դնելու մասին: Այս հարցին ևս հանձնաժողովը կողմ քվեարկեց: