Այսօր՝ մայսիսի 9-ին ,Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում ՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Վազգեն Սարգսյանի եղբորորդին՝ Կառլեն Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ,զիվորականներ, շարքային զինվորներ և պաշտոնատար այլ անձինք:Ողջույնի խոսքով հանդես եկավ Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Սպարապետի կյանքը և գործունեությունը ներկայացնող տեսաֆիլմ,հնչեց նրա սիրած «Երազ իմ երկիր հայրենի» երգը Արմեն Ներսիսյանի կատարմամբ: Միջոցառումը ուղեկցվեց Կամերային երգչախմբի կատարումներով, պարային համարներով հանդես եկավ Վանաձորի «Հորովել»երգի-պարի անսամբլը:
Վազգեն Սարգսյանի 60 տարին կլրանար այս տարի մարտի 5-ին,բայց նրան վիճակված էր ապրել միայն 40 տարի:Նա եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը, որին ժողովուրդը «Սպարապետ» պատվանունով է կնքել:
Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Արցախի ազգային հերոսների բարձրագույն կոչման։