Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է կատարված աշխատանքներին և նոր ներդրումային ծրագրին

Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում: Վարչապետը Մարց համայնքում ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին: Կառավարության ղեկավարի հանձնարարականով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու և նոր մարզադահլիճ կառուցելու համար: Նախատեսվում է 110 տնտեսությունից բաղկացած համայնքի և 84 աշակերտ ունեցող ուսումնական հաստատության հիմնանորոգման շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին: Վերջիններս շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ առաջնահերթ լուծում պահանջող դպրոցի հիմնանորոգման և մարզադահլիճի կառուցման գործում հետամուտ լինելու համար:
Նախատեսվում է, որ առաջիկա սեպտեմբերից Մարցում կսկսի գործել նաև նախակրթարան:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Շահումյան համայնքի ամբողջովին վերակառուցված առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ ծանոթացել իր իսկ հանձնարարականով իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի Շահումյանի բնակիչներն անձամբ էին դիմել վարչապետին՝ անբարեկարգ պայմաններում գտնված կենտրոնը վերակառուցելու խնդրանքով:
varchapet
 
Այժմ կենտրոնը, որը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով, սպասարկում է երեք հազար բնակչի: Վերակառուցման համար ներդրվել է 30 մլն դրամ: Վերջինիս բուժծառայողները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքներից և կրկին շնորհակալություն հայտնել վարչապետին՝ իրենց բարձրացրած խնդրին լուծում տալու համար:
Կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում: Տիգրան Սարգսյանը շրջել է ֆաբրիկայով՝ ծանոթացել աշխատանքային գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Տեղեկացվել է, որ ֆաբրիկան արտադրում է շուկայի ներկայիս պահանջներին համապատասխան տարբեր տեսակի հագուստ: Գործունեության սկզբնական շրջանում ընկերությունը համագործակցել է գերմանական մի քանի պատվիրատու կազմակերպությունների հետ («Լեբեկ», «ՀԲ», «Կուբլեր», «Գրաֆեգգեր», որոնց հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս), իսկ հետագայում ընդլայնել է գործունեությունը` 2009 թվականին կնքելով նոր պայմանագիր իտալական «SARTIS» ֆիրմայի հետ: Վերջինիս պատվերով Վանաձորում գործող ֆաբրիկան կարում է տղամարդու և կանացի բարձրորակ բաճկոններ` արտադրանքն ամբողջությամբ առաքելով Եվրոպա՝ հիմնականում` Իտալիա:
Եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու նպատակով, պատվիրատուն` համաձայն պայմանագրի, ապահովում է ընկերությանը ժամանակակից մեքենասարքավորումներով:
Ընկերության գործունեությունը խթանելու և մարզում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից պարբերաբար աջակցություն է ցուցաբերվում ֆաբրիկային` տրամադրելով հարկային արտոնություններ: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2010 թ. որոշմամբ՝ կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմ, որով ժամկետները երկարաձգվել են մինչ 2013 թ. սեպտեմբերի 29-ը: Ընդհանուր առմամբ, երկարաձգվել են 109.7 մլն դրամ մաքսային արժեքով 59 անուն կարի մեքենաների և արտադրությանն անհրաժեշտ 931 միավոր սարքավումների մաքսային ռեժիմները:
Արդյունքում, ընկերությունը 2012 թ. միայն «SARTIS» ֆիրմայի պատվերով արտադրել և արտահանել է 213.9 մլն դրամի հագուստ: Աճը 2010 թ. նկատմամբ, երբ նոր էր սկսվել համագործակցությունը «SARTIS»-ի հետ, կազմել է 3.2 անգամ:
Նախորդ տարի, ընդանուր առմամբ, ընկերությունն առաքել է 665.7 մլն դրամի հագուստ և աճը 2011թ. նկատմամբ կազմել է 65.5 տոկոս:
«SARTIS»-ի հետ «Գլորիա» ընկերության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և պայմանագիրը երկարաձգվել է ևս հինգ տարի ժամկետով, ինչը հնարավորություն է ընձեռում ֆաբրիկային երկարաժեմկետ կտրվածքով գործունեություն ծավալելու արդյունքում` ստեղծել նոր լրացուցիչ աշխատատեղեր:
«Գլորիա»-ն 2013 թ. հունիսի 12-ին կրկին դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել ներմուծված մեքենասարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները: Ներկայումս ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը գտնվում է շահագրգիռ պետական մարմինների քննարկման փուլում:
ՀՀ կառավարության կողմից «SARTIS»-ի տրամադրած մեքենասարքավորումների համապատասխան մաքսային ռեժիմի երկարաձգման դեպքում, ըստ ընկերության կողմից ներկայացված ծրագրի` կընդլայնվի արտադրական գործունեւթյունը և միայն նշված ծրագրի շրջանակներում 2016 թ. իտալական պատվիրատուին կառաքվի շուրջ 670 մլն դրամի արտադրանք (2013թ.` 420 մլն դրամի դիմաց): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աշխատողների քանակը և 2016 թ. ներկայիս 550-ի փոխարեն այն հասցնել 1000-ի:

You May Also Like

Leave a Reply