ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Վանաձորում էր: Փաշինյանը նախ այցելեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
30 տարի անց աղետի գոտին շարունակում է ապաքինվել: Մարդկային անդառնալի կորուստները սգացող Լոռու և Շիրակի վերքերը չեն սպիացել նաև այն պատճառով, որ այսօր էլ ամբողջությամբ լուծված չէ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակապահովման խնդիրը: Վանաձորում երկրաշարժից հետո իրականացված բնակարանաշինության ծավալներն ապահովել են բնակարան կորցրածներին, սակայն Վանաձորում ձևավորվել են տնակային ավաններ, որոնց բնակիչները, թեև տները երկրաշարժի հետևանքով չեն կորցրել, այնուամենայնիվ նրանց հանդեպ համայնքն ու պետությունը բարոյական պարտավորություն են կրում: Վերջին տարիներին Վանաձորի համայնքապետարանը կառավարության աջակցությամբ նաև բարեգործական կազմակերպությունների հետ համաֆինանսավորմաբ որոշ ծրագրեր իրականացրել է, սակայն դրանք բավարար չեն եղել, որպեսզի կարողանան բոլորին ապահովել բնակարաններով: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խոսեց խնդրի լուծման տեսլականից և այս ուղղությամբ տարվող աշխատանքներից. «Կարծում եմ՝ համալիր ծրագիր է պետք մշակել, որպեսզի կարողանանք վերջնականապես ազատվել տնակային ավաններից և բնակիչներին ապահովել բնակարաններով: Եթե կարողանանք միջոցներ գտնել վերանորոգման ենթակա վթարային շենքերը հիմնանորոգելու համար, հրաշալի կլինի: Աղետի գոտու շինարարությամբ զբաղվող մի քանի բարեգործական տնաշինական կազմակերպությունների հետ բանակցում ենք, հուսով եմ՝ կրկին կկարողանանք բնակարանաշինության խնդիր լուծել»:
Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց ուղևորվեց թիվ 11 մանկապարտեզ: Այն վերջերս է հիմնանորոգվել: Բացման հանդիսավոր և խորհրդանշական արարողությունը հենց դեկտեմբերի 7-ին էր: Վանաձորի քաղաքապետն ու թիվ 11 մանկապարտեզի տնօրենը կտրեցին կարմիր ժապավենը, ապա քաղաքային և մարզային իշխանությունների ուղեկցությամբ վարչապետի պաշտոնակատարը շրջեց մանկապարտեզի ներսում, ծանոթացավ կատարված աշխատանքին և պայմաններին:
Նշենք, որ Մանկապարտեզի հիմնանորոգման շինարարական աշխատանքների համար տրամադրվել էր շուրջ 158 մլն դրամ ՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին՝ Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով , որից 19.8 մլն դրամը՝ Վանաձորի համայնքային բյուջեի միջոցների հաշվին՝ ավագանու որոշմամբ: