Այսօր Վանաձորի՝ Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող Կոտրված եկեղեցու մոտ նշվեց Հանրապետության տոնը։
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերին 106-ամյակին նվիրված տոնական միջոցառում անցկացվեց։
Միջոցառմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Կամո Աշրաֆյանը,Գուգարաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Վանաձորի կամերային նվագախումբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը։
Կատարվեց «Հանրապետական մաղթանք» եկեղեցական կարգը, ապա Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը օրհնության խոսք ասաց։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա ընդգծեց, որ Առաջին Հանրապետությունը ձևավորել է պետական մտածողություն և կենսական գործոն դարձել հայ ժողովրդի գոյության համար։
«Այսօր ավելի քան հարկ է նշել, որ այս հաղթանակները, ինչպես և մեր ազգային բոլոր հաղթանակները, մեր միասնության ու ինքնակազմակերպման արդյունքն էին։ Հայ ազգը կարողանում է դիմակայել բոլոր իրավիճակներում, երբ միասնական է», – նշեց Արկադի Փելեշյանը։
Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության հռչակման վերաբերյալ պատմական էքսկուրս անցկացրեց պատմաբան, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։
Տոնական միջոցառումն ուղեկցվեց երաժշտական ու պարային կատարումներով։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին և ծաղիկներ խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված հուշակոթողի մոտ։