Վանաձոր-Ռեգեն համագործակցությունն 8 տարեկան է

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Վանաձորում էր Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանից ժամանած պատվիրակությունը: Այցելության նպատակն էր նշել Վանաձոր-Ռեգեն համագործակցության 8-ամյակը:
Պատվիրակության կազմը գլխավորում էր Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար Ռիտա Րորլը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, GIZ-ի «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչները, Վանաձորի համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ և Լոռու մարզպետարանի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխվորությամբ:
Ներկաները նախ հանդես եկան ողջույնի խոսով: Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու և պետք է ջանքեր գործադրել զարգացման ուղղությամբ: Գերմանիայի պատվիրակությունը գործընկերների հետ քննարկեց ներկա և ապագա ծրագրերը, համագործակցության ուղղություններն ու ռազմավարությունները: Քննարկվեցին վերջին տարիներին Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ իրականացված ծրագրերը և համագործակցության ներկայիս և հետագա ուղղությունները: Ռիտա Րորլը նկատեց յուրաքանչյուր այցից հետո տեսանելի փոփոխությունները: Կարևորեց այն, որ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, ինչի շնորհիվ անկախ ղեկավարների փոփոխությունից՝ ծրագրերն ու նպատակները շարունակում են ընթանալ կառուցողական հունով:
Նշենք, որ Վանաձորի և Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանների միջև համագործակցությունը սկսել է ձևավորվել դեռևս 2013 թ.-ին ԳՄՀԸ-ի «Քաղաքների ցանց Հարավային Կոկասում» նախաձեռնության շրջանակում: Վերջին 8 տարիների ընթացքում ԳՄՀԸ-ի աջակցությամբ 2 կողմերն համատեղ իրականացրել են տարաբնույթ ծրագրեր, տեղի են ունեցել փորձի փոխանակման այցելություններ տեղական տնտեսական զարգացման, աղբահանության, շրջակա միջավայրի պահպանման, նախադպրոցական կրթության կազմակերպման ոլորտներում:
Հանդիպման վերջում ի նշան բարեկամության՝ կողմերը փոխանակեցին հուշանվերներ:

You May Also Like