Համայնքի ղեկավարին հանձնվեց ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի գործող անդամի հավաստագիրը
Վանաձորն այս տարի դարձել է ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության գործող անդամ: Այդ կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ հյուրընկալվեցին ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, ծրագրի փորձագետ Լիլիթ Ափյանը, ToughBuilt ընկերության գործադիր տնօրեն Պատվական Հախինյանը, ՎՏԿ ներկայացուցիչ Եղիշե Սաֆարյանը, «ԷկոՀաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Յանա Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակում համագործակցության ուղղությունները և հեռանկարները: Սևակ Հովհաննիսյանը մասնավորապես ասաց «Շատ կարևոր է տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնել հենց Վանաձորում: Կարևորում եմ նաև այն գործընթացը, որի արդյունքում տնտեսական զարգացման պլանավորման մեջ ներգրավվեցին զբոսաշրջության, ՏՏ և այլ ոլորտների կառույցների ներկայացուցիչներ: Ես լիահույս եմ, որ համագործակցությունը կշարունակվի, և համատեղ ջանքերով Վանաձորը շուտով կդարձնենք Հայաստանի տնտեսական աճի բևեռներից մեկը»:
Մամիկոն Ասլանյանը կարևորեց տնտեսական զարգացումը խթանող մի շարք միջազգային կառույցների հետ համագործակցությունը: «Մենք արդեն իսկ ունենք կայացած և գործող նախագծեր: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը ևս տեսանելի ապագայում կտա շոշափելի արդյունքներ, քանի որ հենց ՏԻՄ-երն են, որ կարողանում են ճիշտ վերլուծել, գնահատել և ուղենշել համայնքի զարգացման առաջնահերթությունները»,-ասաց համայնքի ղեկավարը:
Լիլյա Դավթյանն էլ ներկայացրեց ծրագրի մշակման ընթացքը և արդյունքը:
Հանդիպման վերջում ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի համակարգող Սևակ Հովհաննիսյանը Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին հանձնեց հավաստագիր:
Նշենք, որ Վանաձոր համայնքի կողմից մշակված Տեղական տնտեսական զարգացման ծրագիրը գնահատվել էր Համաշխարհային բանկի փորձագետների կողմից և արժանացել հավանության՝ որպես «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի պահանջներին համապատասխան ծրագիր:
Հիմք ընդունելով այդ փաստը՝ ծրագրի շրջանակում Վանաձոր համայնքին շնորհվել էր «Գործող անդամի» կարգավիճակ, ինչի կապակցությամբ Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության ծրագրի ղեկավար Պետեր Կորսբին շնորհավորել էր Մամիկոն Ասլանյանին ծրագրում գրանցած հաջողությունների կապակցությամբ: