«Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը 500 նոր գիրք է ստացել Newmag հրատարակչության և Freedom Broker Armenia ըմկերության կողմից
Այսօր «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը հյուրընկալեց Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանին, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանին, Freedom Broker Armenia հոլդինգի Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ղեկավարի տեղակալ Լիլիթ Հակոբյանին և կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյան։ Newmag-ը և Freedom Broker Armenia-ն համատեղ Վանաձորի գրադարաններին նվիրեցին նոր հրատարակչության 500 գիրք։
Newmag-ը, ավանդույթի համաձայն, ամառային գրքատոնին լավագույն գրախոսականի հեղինակին նվիրում է տարվա ընթացքում լույս տեսած գրքերն անվճար։ Այս տարի, սակայն, գրքի և արվեստի փառատոնին որոշվեց համալրել Վանաձորի և Ալավերդու գրադարանների գրքաֆոնդը։
Նախաձեռնությանը միացավ Freedom Broker Armenia ընկերությունը՝ կարևորելով կրթության դերը։
Նախաձեռնության ու հատկապես մարզային գրքաֆոնդերը նոր հրատարակություններով թարմացնելու կարևորության մասին խոսեց Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։
Freedom Broker Armenia-ի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանն ընդգծեց այս ծրագրի կարևորությունը մարզերի համար։
Ըստ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի մարզային գրադարաններին ժամանակակից ու որակյալ գրքերով ապահովելը հրատարակչության առաջնահերթություններից է դեռ հիմնադրման օրվանից։
Նպատակն իրականացնում են գործընկեր դոնորների հետ համատեղ։
Նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։ Նա համայքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից շնորհակալագրեր հանձնեց Newmag հրատարակչությանը և Freedom Broker Armenia ընկերությանը՝ «Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի գրքային հավաքածուի համալրման, հարստացման, ընթերցանության մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար։
Ելույթներով հանդես եկան Վանաձորի պետական համայսարանի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, ՀՀ գրողների միության Լոռու մարզային կառույցի ղեկավար, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը։