Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, պաշտոնական այցով Վանաձորում էր Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ հանդիպման ընթացքում ներկաները խոսեցին համագործակցության հեռանկարների մասին։
Համայնքի ղեկավարը ողջունեց հյուրին՝ կարևորելով աշխարհի զարգացած երկրների շարքում գտնվող պետության հետ համագործակցության ծավալումը տարբեր բնագավառներում՝ հատկապես առաջատար փորձի փոխանակման առումով։ Դեսպանին, ի թիվս մի շարք հարցերի, հետաքրքրում էին Վանաձրում իրականացվող ծրագրերը։ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Վանաձորն առայժմ գյուղատնտեսության բնագավառում ծրագրեր չի իրականացնում, քանի որ գյուղական համայնքներին վերաբերող բաղադրիչ չունի, սակայն քանի որ կառավարության կողմից իրականացվող խոշորացման գործընթացում Վանաձորը ևս ներառված է, հետևաբար քաղաքը ևս զերծ չի մնա գյուղատնտեսական բաղադրիչից։ Դեսպանին հետաքրքրում էին նաև ՏՏ ոլորտն ու զբոսաշրջությունը։ Այս առումով ևս համայնքի ղեկավարը կարևորեց գործընկեր պետության առաջատար փորձի ուսումնասիրությունը, քանի որ Վանաձորն ունի մեծ ներուժ։ Մամիկոն Ասլանյանը նշեց նաև, որ Հայաստանում ուրբանիստիկայի մասնագետների սակավություն կա։ «Համագործակցության դեպքում մենք կցանկանայինք այստեղ տեսնել նաև ճարտարապետ քաղաքաշինարարների, քանի որ ուզում ենք Վանաձորում զբոսաշրջային համակարգ ձևավորել՝ իր բոլոր բաղադրիչներով»,-հավելեց համայնքի ղեկավարը։ Դեսպանին հետաքրքրում էր նաև Վանաձորում առկա չգործող գործարանների և շենքերի ճակատագիրը։ Քաղաքապետը վստահեցրեց, որ այդ տարածքների հետ կապված ծրագրեր կան, առկա է նաև գերմանական փորձը, սակայն դեռևս չլուծված խնդիրներ կան, քանի որ գործարանները համայնքապատկան չեն և գտնվում են որոշակի գործընթացներում։ Նիկո Սխերմերսը ներկայացրեց նաև այս ոլորտում Հոլանդիայի փորձը, խոսեց համագործակցության և աջակցության հնարավորությունների և ձևերի մասին։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը ներկայացրեց եվրոպական մի շարք երկրների և Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը, որոնց շրջանակում Վանաձորում հիմնվել է «Բու» հեծանվային պարկ, նպատակ կա քաղաքային տուրիզմին զուգահեռ զարգացնել նաև էքստրեմալ տուրիզմը, քանի որ քաղաքը շրջապատված է անտառներով, և առկա է համապատասխան ներուժ։ Ներկայացվեցին նաև Վամաձոր համայնքում իրականցվող ընթացիկ ծրագրերը։