Սիրելի՛ վանաձորցիներ, թանկագի՛ն հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Այսօր, 30 տարվա անկախության բարձունքից ցավով ու վրեժով լցված, բայց և հպարտությամբ առաջին հերթին պետք է հիշենք մեր հազարավոր հայորդիներին՝ անուն առ անուն, ովքեր իրենց սուրբ արյամբ նվիրեցին մեզ անկախ պետություն ունենալու բերկրանքն ու իրավունքը, ովքեր տասնամյակներ անց պահեցին այդ անկախությունը՝ հայրենիքի զոհասեղանին դնելով կրկին ամենաթանկը:
Հայաստանում, Արցախում և աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ապրում և արարում է հայը, սեպտեմբերի 21-ը կարևորագույն օր է:
Ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը վաստակել է ինքնանվիրումի, զոհողության և մաքառման ծանր գնով: Անկախ Հայաստանի յուրաքանչյուր օր մեծագույն պարգև է ամեն մի հայի համար, երաշխիք՝ արարման, զարգացման ու շենացման համար:
Երեսուն տարին փոքր ժամանակահատված է մեր հազարամյա պատմության մեջ. պատերազմ, շրջափակում, կորուստներ, սակայն դարի ծանրություն ունեցող անկախ Հայաստանի յուրաքանչյուր օր տոգորված է տոկունությամբ, անսահման սիրով՝ առ հայրենիքն ու լավագույն գալիքի անխախտ հավատով:
Այսօր Արցախի և ՀՀ սահմանների խաղաղությունն առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի: Մեր բոլոր ջանքերը միտված պետք է լինեն մեր վիրավոր հայրենիքի, նրա խաղաղության երաշխավոր հայոց վիրավոր, բայց և տոկուն բանակի ամրացմանն ու մարտունակության բարձրացմանը: Նա է մեր կորուստների վերադարձման, գալիք հաղթանակների կերտման, պահպանման ու ամրապնդման երաշխավորը:
Ուրեմն, հայրենիքի և միմյանց հանդեպ անապակ սիրով սատար կանգնենք միմյանց, ամոքենք վերքերը, հոգ տանենք իրար և ստեղծենք այն Հայաստանը, որը երազում ենք:
Սիրասո՛ւն հայրեր և մայրեր, քույրեր, եղբայրներ և զավակներ, երջանկություն և բարեկեցություն, արժանապատիվ կյանք և առաջընթաց ողջ հայությանը՝ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ: