Հարգելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Բուժաշխատողի դերն ու նշանակությունը որքան էլ կարևորենք, միևնույնն է, անհնար է գերագնահատել: Մարդկային կյանքերի փրկությունը և լիարժեք կյանքով ապրելու հնարավորության ընձեռումը հումանիզմի բարձրագույն դրսևորումներն են: Ձեր մեջ են ամփոփված կարեկցանքի, հոգատարության, ինքնանվիրումի առաքինությունները:
Հայ ժողովուրդը մշտապես խորին հարգանքով և ակնածանքով է վերաբերվել բժշկի առաքելությանն ու աստվածահաճո գործին: Այսօր էլ վանաձորցի բժիշկները պատվով են կատարում իրենց գործը: Վստահ եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ և բժշկի բարձր անվանն արժանավայել կերպով շարունակելու եք պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար:
Առողջապահության ոլորտում նորարարությունն արագ է փոփոխություններ բերում: Արագ փոփոխվող աշխարհում դրանցից հետ մնալն ազդում է նաև ապաքինման արդյունավետության վրա: Միակ ճանապարհը բարեփոխումների ճանապարհն է: Համակարգում դեռ շատ անելիքներ կան, սակայն անհնար է չնկատել նաև դրական տեղաշարժը: Պետության կողմից ծրագրեր են իրականացվում բուժօգնության որակի բարձրացման, բուժսարքավորումների ձեռքբերման և մի շարք այլ ուղղություններով:
Սիրելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն և բարեկեցիկ կյանք: