Վանաձորի օրվա միջոցառումներն այս տարի տարբերվում էին ձևաչափով։ Դրանք առաջին հերթին հարգանքի տուրք էին 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին, որոնց շնորհիվ այսօր ապրում ու արարում է հայը խաղաղ երկնքի ներքո։
Առավոտը սկսվեց 44-օրյա պատերազմի հերոսների պանթեոն այցելությամբ։ Ապա մեկը մյուսի հետևից տոնական ժապավեններ կտրվեցին Վանաձորի նորակառույց և հիմնանորոգված կրթամշակութային հիմնարկներում, այգիներում ու պուրակներում, որոնք արդեն հնարավորություն ունի վայելել վանաձորցին։ Առաջին կանգառը Տարոն 4 թաղամասի նորակառույց այգում էր։ Այստեղ հյուրերին երգերի ներքո դիմավորեցին փոքրիկները։ Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տանը ևս տոնական միջոցառում էր։ Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անմահացած հերոս Վահե Հովակիմյանի եղբոր՝ Վահագնի հետ կտրեց կարմիր ժապավենը։ Քաղաքապետը հանդես եկավ շնորհավորանքի խոսքով։ Նա մասնավորապես ասաց․ «Ողջունելի է թաղամասի բնակիչների ոգևորությունն իրենց ունեցածի նկատմամբ։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ։ Այսօր՝ 5 տարի անց, պարզ ճակատով ենք կանգնած ձեր առջև, պարզ ու շիտակ էլ շարունակելու ենք նայել մեր բնակիչների աչքերին և փորձելու էլ ավելի լավն անել մեր քաղաքի համար՝ այն առավել բարետես դարձնելով նաև օտարների համար»։
Հաջորդ կանգառը Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում էր, որտեղ հյուրերին կրկին դիմավորեցին երգ ու պարով։ Վանաձորցի թեթև աթլետներն ու ծանրամարտիկները վաղուց էին զգում բարեկարգ և մարզական չափանիշներին համապատասխան սպորտդպրոցների կարիք, որտեղ հնարավոր կլիներ լիարժեք մարզումներ անցկացնել։ Այս խնդիրները ևս լուծված են։ Համայնքապետարան-կառավարություն համաֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ Վանաձորի աթլետիկայի օլիպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցն ու ծանրամարտի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցն արդեն նոր շենքեր ունեն։ Հյուրերին այստ դպրոցներում ևս տոնական մթնոլորտում դիմավորեցին։ Բացման հանդիսավոր արարողություններից վերջինը Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գլխամասում էր։ Ինչին հաջորդելու էր տոնական համերգը՝ Արցախ պուրակում։