Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երիտասարդներ,
ջերմ բարեմաղթանքներ եմ հղում՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:
Երիտասարդությունն ուժ է, և այն պետք է ավելի հզորացնել: Այսօր առավել, քան երբևէ հայ երիտասարդը մեր՝ ավագներիս աջակցության կարիքն ունի: Հայրենիքի համար իր կյանքը չխնայած յուրաքանչյուր հերոս արդեն իսկ առավելագույնն է արել բոլորիս համար, ուրեմն ուժերի գերլարումով ամեն ինչ անելու ենք, որ բուժենք վերքերը և այդ հզոր ներուժն օգտագործենք ի նպաստ Հայաստանի Հանրապետության խաղաղ զարգացման, պահենք ու փայփայենք մեր ապագան, մեր՝ մոխիրներից հառնելու միակ հնարավորությունն ու ներուժը՝ մեր երիտասարդներին: Նրանց հետ է կապված հզոր հայրենիք կառուցելու մեր նվիրական իղձերի իրականացումը:
Երիտասարդ տարիքում է մարդը նախանշում իր ապագայի տեսլականը, ստեղծում ամուր հիմքեր՝ այն կերտելու համար։ Մենք ունենք հրաշալի սերունդ՝ խելացի, բանիմաց և շնորհալի։
Եթե հավատանք մեր կարողություններին, հաջողությունն անխուսափելի է: Վանաձորն ուժեղ է իր ուժեղ երիտասարդներով, նրանց բանիմացությամբ, մարզկենտրոնի խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մղումով և մասնակցային բարձր որակներով:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ։ Մաղթում եմ երազանքների իրականացում,անհոգ ու երջանիկ կյանք։

You May Also Like