Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհվորում եմ Սահմանադրության օրվա առթիվ։ Մեր անկախ պետականության բարձրագույն խորհրդանիշը մեզ հետ ճանապարհ է անցնում՝ շարունակելով անցնել նաև փոփոխությունների միջով։ Այն ժողովրդավարության, պետական կարգի ու մարդու իրավունքի իրացման կարևորագույն հենասյունն է։ Մայր օրենքը հայ ժողովրդի համար պետականաշինության և ազգային ու համամարդկային իդեալները կյանքի կոչելու լավագույն հիմքն է, ժողովրդի իշխանության իրականացման համար՝ հաստատուն առանցք ։
1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով հայ ժողովուրդն ընդունեց Մայր օրենքը։ Հանրային կյանքի փոփոխությունները տարիների ընթացքում թելադրեցին իրենց պահանջները, և այն փոփոխելու անհրաժեշտություն առաջացավ, ուստի 2005թ.-ին, կրկին հանրաքվեով, ՀՀ Սահմանադրութունը փոփոխվեց և լրացվեց։ Արդեն 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքում հաստատվեց նոր Սահմանադրություն, որով, ի թիվս բազմաթիվ փոփոխությունների, փոփոխության ենթարկվեց ՀՀ կառավարման համակարգը՝ կիսանախագահականից անցնելով խորհրդարանական համակարգի։ Հղկման ճանապարհը շարունակվում է։
Ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհը դյուրին չէր, սակայն քարը քարին դնելով՝ կերտեցինք և շարունակելու ենք հղկել, բյուրեղացնել այն կարևոր արժեքները, որոնք բխում են Սահմանադրությունից, ինչը հենց այդ արժեքների երաշխավորն ու հենարանն է։ Ինչպիսի՞ ապագա ենք ուզում, ինչպիսի՞ն է մեր երազանքների Հայաստանի Հանրապետությունը. այս տեսլականներն են սահմանված և ամփոփված մեր պետության գլխավոր օրենքում։ Ուստի մեր բոլորի ջանքերն ուղղված պետք է լինեն ազգային երազանքի իրագործմանը։
Սիրելի՛ հայ ժողովուրդ, կրկին շնորհավորում եմ բոլորիս։ Մաղթում եմ բարօրություն, ծաղկող պետություն, ամուր պետականություն և երջանիկ կյանք՝ Հայաստանի հզոր հանրապետությունում։

You May Also Like