Վանաձորի Տիկնիկային թատրոնը կմասնակցի «Լորենու գույնը» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին:

Մայիսի 10-ին, Վանաձորի Տիկնիկային թատրոնը մեկնեց Ռուսաստանի Դաշնության Լիպեցկ քաղաք՝ մասնակցելու «Լորենու գույնը» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին:
Փառատոնին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է Վանաձորի Տիկնիկային թատրոնը և մասնակցելու է Կորնեյ Չուկովսկու ստեղծագործություններից մեկի ներկայացմամբ, որի բեմադրող ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը:
Նշենք, որ փառատոնին մասնակցելու են նաև Չինաստանը, Բրազիլիան, Իրանը, Բելոռուսիան և Ռուսաստանը:
Դեռևս փետրվար ամսին, հրավերը ստանալուց հետո, համայնքապետարանի կողմից իրականացվել են ֆինանսական և կազմակերպչական աշխատանքներ՝ փառատոնին թատրոնի մասնակցությունը պատշաճ ապահովելու նպատակով:
Թատրոնի ստեղծագործական կազմին ճանապարհեցին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը և հանրային կապերի և լրատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղանի Հակոբյանը:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը իր խոսքում նշեց, որ այսպիսի նախաձեռնությունները միտված են տարբեր երկրների և Վանաձոր համայնքի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և թատրոնի մասնակցությունը շատ կարևոր է Վանաձոր համայնքի դիմագիծը այլ երկրներում ներկայացնելու հարցում:
Թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը հավաստիացրեց, որ ամեն ջանք կներդնեն փառատոնին բարձր մակարդակով ներկայանալու համար:
Վանաձորի Տիկնիկային թատրոնի ելույթը նախատեսված է մայիսի 16-ին Լիպեցկի Տիկնիկային թատրոնում:

You May Also Like