Վանաձորի կամերային նվագախումբը նշեց հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ համերգ։ Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան Ավագ քահանա Ազարյանը, համայնքապետարանի և մարզպետարանի պաշտոնյաներ, հյուրեր և նվագախմբի մշտական հանդիսատեսը։
Ցուցադրվեց Նվագախմբի մասին պատմող ֆիլմ, ապա արժանապատիվ տեր Վահան Ավագ քահանա Ազարյանը օրհնության խոսք ասաց։
Արկադի Փելեշյանը շնորհավորեց նվագախմբին հոբելյանի առթիվ՝ բարձր գնահատելով անձնակազմի գործին նվիրումը․
«Ի սրտե շնորհավորում եմ Վանաձորի կամերային նվագախմբին հիմնադրման 30-ամյակի առթիվ։
Վանաձորի կամերային նվագախումբը ձևավորել է ուրույն դիմագիծ, դաստիարակել իր հանդիսատեսին և իր կատարողական արվեստով մեզ հաղորդակից է դարձնում հայ և համաշխարհային բարձր երաժշտարվեստին։
Ձեր ելույթները առանձնակի շուք են հարորդում վանաձորյան միջոցառումներին։
Մաղթում եմ ձեր անձնակազմին երկար տարիների բեղուն աշխատանք, միշտ լեցուն դահլիճներ և հանդիսատեսի ջերմ ընդունելություն»:
Համայնքի ղեկավարը պատվորգեր հանձնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանին և նվագախմբի տնօրեն Գայանե Հարությունյանին։
Համերգի հնչեցին համաշխարհային և հայ դասականների ստեղծագործություններ։ Կամերային նվագախումբը ունկընդրին ներկայացրեց Մոցարտ, Բախ,
Բիզե-Շեդրին, Կոմիտաս, Ա․ Բաբաջանյան, Ա․ Հարությունյան, Հ․ Հակոբյան, Ա․ Ավետիսյան, Լ․ Ճգնավորյան, Գ․ Հախինյան:
Կամերային նվագախմբի հետ կատարումներով հանդես եկան Վարդանանց Հետնորդներ փողային նվագախումբը, մենակատարներ Նարինե Սահակյան,
Սյուզաննա Փոթինյան, Արման Ավետիսյան, Ազատ Հարությունյան, Դավիթ Դալլաքյան, Արմեն Ներսիսյանը։
Համերգի ավարտին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը՝ Արկադի Փելեշյանի կողմից նվագախմբի անձնակազմին պատվոգրեր հանձնեց։