Վանաձորի քաղաքապետարանն իրականացնում է վառելափայտի բաշխման ծրագիր

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո սա երևի ամենասպասված սոցիալական աջակցությունն է անապահով ընտանիքներին:

Դեռևս 2012 թվականին քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնածողովի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ ծառերի էտից առաջացած վառելափայտը անվճար տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին:

Այս տարի նույնպես ծառերի հատումից առաջացած փայտը հանձնաժողովի առաջարկությամբ կտրամադրվի տնակային ավանում հաշվառված ամենակարիքավոր ընտանիքներին:

Հաշվի առնելով համայնքի ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները, առաջնահերթությունը տրվել է Սանկտ-Պետերբուրգյան (Լենինգրադյան) տնակային ավանին:

Որպես շահառուներ ընտրվել են սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և փաստացի բնակվող անապահով ընտանիքների հետևյալ ռիսկային խմբերը՝

. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,

. երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները,

. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամ և մանկուց հաշմանդամ ունեցող ընտանիքները,

. մինչև 2 տարեկան երեխա ունեցող ընտանիքները,

. միայնակ (անժառանգ) կենսաթոշակառուներից կազմված ընտանիքները

Այս խմբերին պատկանող ընտանիքներին 1.5 խմ վառելափայտի բաշխումը սկսվել է ս. թ. նոյեմբերի 25-ից:

Իրինա Սարիբեկյան

You May Also Like

Leave a Reply