Այս տարի Վանաձորի քույր քաղաք Բաթումին նշում էր իր հիմնադրման հոբելյանական 125 ամյակը, որին բաթումցիներն անվանում են «Բաթումոբա» կամ ինչպես մենք ենք անվանում՝ Քաղաքի օր:Հրավիրյալ պատվավոր հյուրերի մեջ էր նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քաղաքապետի հետ Բաթումի էին մեկնել նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը: Վանաձորի պատվիրակությունը , բացի քաղաքի տոնի կապակցությամբ կազմակերպված բազմաթիվ միջոցառումներին մասնակցելուց, նաև հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեի և քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցների հետ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Բաթումիի քաղաքապետին նվիրեց «Նոյն իջնում է Արարատից» կտավը և հավաստեց, որ երկու ազգերի բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և այդ ավանդույթներն են, որ այսօր առանձնակի ջերմություն են հաղորդում Վանաձոր և Բաթումի քաղաքների համագործակցությանը: Սամվել Դարբինյանը հանդիպումներ ունեցավ նաև տեղի հայ համայնքի հետ Բաթումիի Օպերայի և բալետի շենքում, ինչպես նաև հայ հավատացյալների հետ տեղի հայկական Սրբ խաչ եկեղեցում: Տեղեկացնենք նաև , որ Վանաձորի քաղաքապետը նվիրատվություն կատարեց քաղաքի մանկատան սաների համար: