Սիրելի՛ բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Այսօր, առավել, քան երբևէ հասարակությունը սկսել է հասկանալ և գնահատել այն ծանր մարդասիրական առաքելությունը, որն իրականացնում եք անտրտունջ՝ ձեզ զրկելով նույնիսկ ամենահարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Համաշխարհային պանդեմիայի դեմ մղվող պատերազմում դուք առաջնագծում սեփական անձով եք պաշտպանում մարդուն, ասել է, թե՝ Հայրենիքը:
Բուժաշխատողի դերն ու նշանակությունը որքան էլ կարևորենք, միևնույն է, անհնար է գերագնահատել: Հումանիզմի բարձրագույն դրսևորումն է մարդկային կյանքերի փրկությունը և լիարժեք կյանքով ապրելու հնարավորության ընձեռումը:
Վստահ եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ և բժշկի բարձր անվանն արժանավայել կերպով շարունակելու եք պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար: «Բժիշկ» բառի մեջ ամփոփված են կարեկցանքի, հոգատարության, ինքնանվիրումի առաքինությունները և մասնագիտական բարձր որակները:
Կրկին շնորհավորելով՝ ցանկանում եմ, որ հաջողությամբ հաղթահարենք համավարակը, առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթում եմ ձեռքբերումներով լեցուն կյանք: Թող ձեզ մշտապես ուղեկցեն անձնական ու աշխատանքային հաջողությունները: