Սամվել Խալաթյան
դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
ՀՀ Երախտագիտության մեդալակիր:
Հայաստանի Գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ։
Սամվել Խալաթյանի լրագրական, գրական և մշակութային ողջ գործունեությունը միահյուսված է Կիրովական-Վանաձորի վերջին կեսդարյա տարեգրությանը:
Աշխատելով «Կառուցող», քաղաքային «Կայծ» թերթերում, այդուհետ խմբագրելով քաղաքային «Վերածնունդ», մարզային «Լոռու մարզ» թերթերը, իր կողմից հիմնադրած երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսներում, «Արփի» հասարակական-քաղաքական և «Նշտար» առողջապահական թերթերում, ինչպես նաև հանրապետական ու միութենական մամուլում, հարյուրավոր հոդվածներով հանդես է եկել ծննդավայրի շինարարական, մշակութային, գիտական, առողջապահական ոլորտների լուսաբանմամբ ու հիմնախնդիրների վերլուծությամբ:
ՀԿԿ քաղկոմի մամուլի և մշակույթի գծով հրահանգչի պաշտոնում, համագործակցելով քաղխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի նվիրյալ աշխատողների հետ, լծվել է մշակութային օջախների զարգացման, ազգային արժեքների պահպանման գործին՝ բացառելով և անտեսելով գրականության և արվեստի աշխատողների նկատմամբ կուսակցական գրաքննություն իրականացնելու գաղափարախոսական պարտադրանքը: Ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծմանն ու գործունեությանը: Դրանք հիմք են ծառայել նրան ԽՄԿԿ շարքերից հեռացնելուն:
Ակտիվ մասնակցություն է ունեցել Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման, արտակարգ պայմաններում բուժկետերի ստեղծման, քաղաքի բնակչությանը միութենական հանրապետություններում ժամանակավորապես տեղափոխելու, բնակեցնելու, այդ վայրերում երեխաների ուսումնառությունն ու հայեցի դաստիարակությունը կազմակերպելու գործում:
Ընտրվել է նորանկախ Հայաստանի Վանաձորի քաղխորհրդի առաջին գումարման պատգամավոր, ակտիվորեն մասնակցել քաղաքի ժողովրդավարական կառավարման նոր կանոնակարգի և ավանդույթների ստեղծման ու կայացման գործին:
Լինելով անկախություն ձեռք բերած հանրապետության երրորդ քաղաքի քաղաքային թերթի խմբագիրը և ՀՀ ժուռնալիստների միության վարչության անդամ, ակտիվորեն մասնակցել է հանրապետությունում ժողովրդավարական մամուլի կայացման գործին, հիմք դրել Վանաձորի բազմակարծիք մամուլի նոր կանոնակարգին ու ավանդույթներին:
Լրագրողական աշխատանքում համաքաղաքացիների հետ շփումները, քաղաքի զարգացման պատմությանը քաջատեղյակ լինելը հիմք են հանդիսացել քաղաքի պատմության և երախտավորների մասին վավերագրական վեց մենագրություն լույս ընծայելուն, որոնց շարքում առանձնանում է Ղարաքիլիսա-Կիրովականի վերջին հարյուրամյակի կառուցապատման հանրագիտարանային պատումը՝ «Ողղալարի հրաշքը» խորագրով:
Նշանակալից է դրամատուրգ Ս.Խալաթյանի ավանդը Վանաձորի թատերարվեստի բնագավառում: 1981 թ.-ից ի վեր նրա հեղինակած մանկական և մեծահասակների համար գրված շուրջ 30 թատերագրություն բեմադրվել է Հ.Աբելյանի անվան պետթատրոնում, Քիմիագործների մշակույթի պալատի, երկաթուղայինների ժողթատրոններում, համայնքային ենթակայությամբ գործող «Բոհեմ» և տիկնիկային թատրոններում, «Հորովել» երգի-պարի համույթում: Դրանցից մի քանիսն արժանացել են հանրապետական, միութենական և միջազգային փառատոների մրցանակների:
Նրա տեքստերով, ինչպես նաև իր իսկ հեղինակությամբ գրված երգերը տարիներ շարունակ կատարվում են «Հորովել» համույթի, Երգի թատրոնի մեներգիչների և քաղաքային երգչախմբի կողմից:
Տարբեր տարիների հեղինակել է քաղաքային, մարզային մասսայական միջոցառումների տասնյակ սցենարներ:
Հանրապետության և արտասահմանյան երկրների բազմաթիվ թատրոններում բեմադրված պիեսներով, ստեղծագործությունների տարբեր լեզուներով թարգմանված հրատարակություններով, միջազգային և հանրապետական թատերական փառատոների ու գրական մրցանակաբաշխությունների բազմակի մրցանակակիր լինելով, Սամվել Խալաթյանը ժամանակակից հայ դրամատուրգիայի և երգիծանքի ժանրերում արդիական հնչեղությամբ ստեղծագործող ամենաճանաչված հեղինակներից է, Վանաձորի մշակութային ու ստեղծագործական մթնոլորտը հանրահռչակող անհատներից:
Կենսագրություն
Ծնվել է 1950 թ.-ին, Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում:
1967 թվականին ավարտել է տեղի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը, 1978 թվականին՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել սկսել է դպրոցական ավագ տարիքից՝ շինարարությունում, 1967 թվականից՝ արտադրությունում բանվոր, Վանաձորի պետթատրոնում՝ սկսնակ դերասան, բազմատպաքանակ «Կառուցող» թերթում՝ գրական աշխատող:
1970-1972 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1972 թվականից աշխատել է շրջանային «Գուգարք», քաղաքային «Կայծ» թերթերում՝ գրական աշխատող, բաժնի վարիչ:
1982 թվականից աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմում՝ որպես մամուլի և մշակույթի գծով հրահանգիչ:
1988 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, մասնակցել տեղի «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծմանն ու գործունեությանը, որի համար հեռացվել է ԽՄԿԿ շարքերից:
1990 թվականին ընտրվել է քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղխորհրդի կողմից ընտրվել քաղաքային «Վերածնունդ» թերթի գլխավոր խմբագիր, 1996 թվականին նշանակվել է նորաբաց «Լոռու մարզ» մարզային թերթի գլխավոր խմբագիր:
Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարական-քաղաքական և «Նշտար» առողջապահական թերթերը։
1999 թվականին նշանակվել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:
2003-2007 թթ. տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Հայաստանի ազգային պատկերասրահում՝ փոխտնօրեն, այնուհետև՝ գիտական քարտուղար:
2007 թ.-ից աշխատել է Լոռու մարզպետարանում՝ մարզպետի օգնական, 2011 թ.-ից՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանով, 2016 – 2019 թթ.-ին՝ կրոնական և հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների պատասխանատու:
1985 թ.-ից Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է, 2016 թ.-ից՝ նույն թատրոնի գրական մասի վարիչ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, յոթ թոռ:
Ստեղծագործական ուղի.
Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից: Բազմաժանր գրող է։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 39 ժողովածու։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն,
պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով: Հեղինակած թատերագրությունները, երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործություններ տեղ են գտնում գրական-գեղարվեստական բազմաթիվ հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում:
Շուրջ 25 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում,
Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում ունեցել են ավելի քան 60 բեմադրություն։
«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թ. լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։
Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետոն (1983 թ.), Վանաձորի «Հորովել» համույթի «Թումանյանական աշխարհ» պարային ներկայացման հեղինակային տեքստը (2018 թ.):
«Կեսօրյա ստվերներ» վիպակի մոտիվներով «Շանթ» ՀԸ-ում նկարահանվել է «Անցյալի ստվերներ» սերիալը (2013 թ.)։
Նրա բանաստեղծություններով, տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Գրիգոր Հախինյանը, Ստեփան Ռոստունին, Աիդա Ավետիսյանը, Գագիկ Աղաբաբյանը, երգահան Արամ Ասատրյանը, այլոք։
Հեղինակել է թատերարվեստի, կերպարվեստի, գրականության բազմաթիվ գրախոսություններ, համաքաղաքային ու մարզային թատերականցված միջոցառումների սցենարներ:
Սամվել Խալաթյանի ստեղծագործական ժառանգության մասին վերլուծականներ են գրել գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը ( «Ակնարկներ արդի հայ գրականության» ուսումնական ձեռնարկում և «Ժամանակ և գրականություն» աշխատությունում), պարբերական մամուլում՝ բանասիրական գիտությունների թեկնածու Ֆելիքս Բախչինյանը, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, թատերագետներ Մարգարիտա Յախոնտովան, Սոնա Մելոյանը, Նվարդ Ասատրանը, այլոք:
Կենսագրական և ստեղծագործական ուղու մասին հոդվածներ են տպագրված «Ով ով է հայեր», «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարաններում, Կ.Դանիելյանի, Ս.Քառյանի, Ջ. Ղուկասյանի, Գ.Շախկյանի, Գ.Աղաբաբյանի հանրագիտարանային աշխատություններում և այլն:
Պարգևներ, մրցանակներ.
• 1970 թ.- Գրական-լրագրողական նշանակալից գործունեության համար՝ «Աշխատանքային արիության համար» մեդալ
• 1975 թ. – «Ժուռնալիստ» ամսագրի Պատվավոր դիպլոմ
• 1978 թ.- ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների պատվոգիր
• 1981 թ.- ԽՍՀՄ Ժուռնալիստների Միության պատվոգիր
• 1983 թ.- ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Վանաձորի բարի ասպետները» պիեսի համար
• 1985 թ.- ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր («Գոտեմարտ» պիեսի բեմադրմամբ)
• 1985 թ.- ԽՍՀՄ Գրողների Միության քարտուղարության Դիպլոմ
• 1987 թ.- ՀԽՍՀ Գրողների և Թատերական գործիչների միության առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
• 1989 թ. – ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
• 2006 թ.- Համահայկական Գրական մրցույթում առաջին մրցանակ՝ «Հրադադար» պիեսի համար
• 2008 թ. – «Վեհանձնություն և գթասրտություն» հուշամեդալ՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար
• 2009 թ.- Լոռու մարզպետարանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի «Լոռվա ասպետ» պատվո նշան
• 2010 թ.- «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին» մեդալ
• 2010 թ.- «Մշո զարմ» գիտակրթական ՀԿ-ի «Ազատ Խլղաթյան» մեդալ
• 2010 թ.- «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակ՝ «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի համար
• 2010 թ.- Երևանի քաղաքապետի պատվոգիր
• 2010 թ.- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
• 2010 թ.- Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալ
• 2010 թ.- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
• 2013 թ.- «Արտավազդ» մրցանակ՝ «Պադամ, պադամ, պադամ» պիեսի համար
• 2013 թ.- «Համազգային» հայ կրթական-մշակութային միության «Լևոն Շանթ» մրցանակ՝ «Գնացքի երկու տոմս» պիեսի համար
• 2013 թ.- ՀՀ ԱԺ պատվոգիր
• 2016 թ.- ՀՀ Երախտագիտության մեդալ
• 2016 թ.- Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի համար
• 2017 թ.- Դիպլոմ և «Հովհաննես Աբելյան» հուշամեդալ՝ Հանրապետական թատերական «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով փառատոնում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետթատրոնի «Միայն քեզ եմ սիրում» կատակերգության ներկայացմամբ:
Հրատարակած գրքերը.
1. «Անվավեր ժպիտներ» – երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1981 թ.։
2. «Անվավեր ժպիտներ» – երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1991 թ.։
3. «Ոզնու կատակներ» – երգիծական ալմանախ «Արվեստ», 1991 թ.։
4. «Թագուհի» – վիպակ, 1-ին մաս, «Վերածնունդ», 1993 թ.։
5. «Ստվերները չքանում են կեսօրին» («Կեսօրյա ստվերներ») – վիպակ, «Վերածնունդ»,1993 թ.։
6. «Ազատ Խլղաթյան» – մենագրություն, «Գրական վերնատուն», 1994 թ.։
7. «Ցպահանջ» – բանաստեղծություններ, «Գրական վերնատուն», 1994 թ.։
8. «Թագուհի» – վիպակ, 2-րդ մաս, «Գրական վերնատուն», 1994 թ.։
9. «Շունն ու կատուն» – («Կատվի դատը») բալլադ, մերօրյա շարունակություն, «Գրական վերնատուն»,1996 թ.։
10. «Հայ պարը օտար բեմի վրա» – մենագրություն, «Գրական վերնատուն», 1997 թ.։
11. «Հայաստան, բարության փորձաքար» – ալմանախ, պատմվածքներ, «Արմինֆո»,1999 թ.։
12. «40 օր համբառնալուց առաջ» – տրագիկոմեդիա, «Վան Արյան», 2000 թ.։
13. «Ուղղալարի հրաշքը» – քրոնիկ վավերագրություն, «Վան Արյան», 2002 թ.։
14. «The last jester» (անգլերեն), «ULTIMUL BUFON» (ռումիներեն)–«Antologia» Editura NEMIRA,2004 թ.: («Վերջին ծաղրածուն», անգլերեն և ռումիներեն, Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների «Անթոլոգիա», հրատ՝ Nemira – 2004, Բուխարեստ):
15. «Թագուհի» – վիպակ (երեք մասերը՝ միասին), «Վան Արյան», 2005 թ.։
16. «Վերջին ծաղրածուն» – (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2005 թ.։
17. «Հրադադար» – պիես (Համահայկական գրական մրցույթում 1-ին մրցանակի արժանացած ստեղծագործությունների ալմանախ՝ «Դեպի աղբյուրը լույսի»), արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, 2006 թ.։
18. «The last jester» – «Contemporary Armenian drama» ( Writers’ union of Armenia, Yerevan, 2006): («Վերջին ծաղրածուն», «Ժամանակակից հայկական դրամա» (անգլ.) Հայաստանի գրողների միություն, Երևան, 2006):
19. «Գրական Լոռի» – Լոռու գրողների ստեղծագործությունների ալմանախ, «Նշանակ», 2006 թ.։
20. «Միասին» – գեղարվեստական ակնարկ, «ՍԻՄ» տպագրատուն, 2007 թ.։
21. «Խաչատուր (Փաշա) Մատինյանի տոհմաճյուղը» – մենագրություն, «Հայաստան», 2008 թ.։
22. «دلقک آخرین» , «سونوریا افسانه» – «Վերջին ծաղրածուն» , «Սոնորիայի հրաշքը» – պիեսներ, (պարսկերեն), Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2008 թ.։
23. «Մայրասարի ուխտավորը» – գեղարվեստական վավերապատում, «ՍԻՄ» տպագրատուն, 2008 թ.։
24. «Hello, Evrope!…» – երգիծական պատմվածքների ժողովածու, «Հայաստան», 2008 թ.։
25. «Հումորի նժար» – երգիծական ալմանախ, «Իրավունք» հրատարակչություն, Երևան, 2009 թ.։
26. «Սիրո ձեր ժամանակը» – Վանաձորի արձակագիրների ալմանախ, «ՍԻՄ» տպագրատուն, Վանաձոր,2009 թ.։
27. «Գրական ՎՊՄԻ» -(Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակի առթիվ՝ ստեղծագործող շրջանավարտների ալմանախ) «Իրավունք» հրատ. 2009 թ.։
28. «Անահիտ» – էսսե, «Վան Արյան» հրատարակչություն, 2010 թ.։
29. «Պարկեշտ հումոր» – ալմանախ, «Լուսաբաց» հրատարակչություն, 2010 թ.։
30. «Փոքր քաղաքի մեծերը» – երգիծավեպ, առաջին մաս, «Հայաստան» հրատարակչություն, 2010 թ.։
31. «Թագուհի» – վիպակ (երեք մասերը միասին՝ երկրորդ հրատարակություն ), «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան,2011 թ.։
32. «Նվիրում» – գեղարվեստական վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2013 թ.։
33. «Դատախազը» – գեղարվեստական վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2014 թ.։
34. « چهلروزقبلاز »عزیمت» – «Քառասուն օր համբառնալուց առաջ», «Հայկական դրամատուրգիա» պարսկերեն ալմանախ, Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2015 թ.։
35. «Փակուղուց այն կողմ» – (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2015 թ.։
36. «Տիեզերքի խոլանքում» – (բանաստեղծություններ) «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.։
37. «Կատվի դատը» – (երգիծական բալլադ՝ նվիրված Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին, մերօրյա շարունակություն) «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.։
38. «Թվացյալ երկրի բնիկները» – (պիեսների ժողովածու) «ՍԻՄ» տպագրատուն. Վանաձոր, 2019 թ.:
39. «Ostatini błazen» – «Nowy Dramat Ormiański», (Pod red. Andrieja Moskwina, «Pracownia badan nad teatrem i dramatem w Europie Srodkowo Wschodniej», Warszawa 2019): («Վերջին ծաղրածուն» – «Արդի հայ դրամատուրգիա» (Անթոլոգիա), խմբագրությամբ՝ Անդրեյ Մոսկվինի, «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոն», Վարշավա – 2019):
Բեմադրված պիեսները.
1. «Վանաձորի բարի ասպետները» – 1982, 1988 , 2015 և 2018 թթ.՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոն:
2. «Մաժոր թագավորի հանդեսը» – 1983 թ.՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթ:
3. «Ինչպես հի՜ն, հի՜ն հեքիաթում» – 1984 և 1989 թթ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն:
4. «Վայրէջքը թույլատրվում է բարեկամներին» – 1985 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն:
5. «Գոտեմարտ» – 1985 թ.՝ Վանաձորի մշակույթի պալատի ժողթատրոն:
6. «Խելակորու՜յս, խելակորու՜յս սեր» – 1987 թ.՝ Վանաձորի երկաթուղայինների ժողթատրոն, 1998 թ. և 2014 թ.՝ Վանաձորի, 1999 թ.՝ Գյումրիի , 2004 թ.՝ Կապանի պետթատրոններ, Կիպրոսի, Լոս-Անջելեսի հայկական թատերախմբեր:
7. «Կաղանդ պապի գաղտնիքը» – 1987 թ.՝ Վանաձորի պետթատրոն:
8. «Սոնորիայի հրաշքը» – 1989 թ.՝ Երևանի, Մինսկի, Ալմա-Աթայի, Քիշնևի պատանի հանդիսատեսի և Արտաշատի պետթատրոններ, 1999 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 2000 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, 2004 թ.՝ «Նորք» թատրոն:
9. «Քաջ Նազարը փոխում է մասնագիտությունը» – 1991 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 1992 թ.՝ Վանաձորի տիկնիկային թատրոն, 1993 թ.՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթ:
10. «Ձախորդ Փանոսի անհավատալի արկածները» – 1998 թ.՝ Վանաձորի տիկնիկային, 2019թ.՝ Ստեփանավանի երիտասարդական թատրոն:
11. «40 օր համբառնալուց առաջ» – 1999 թ.՝ Վանաձորի, 2000 թ.՝ Գյումրիի, 2001 թ.՝ Երևանի երիտասարդական («Փոսի»), 2002 թ.՝ Ստեփանակերտի, 2003 թ.՝ Կապանի, 2009 թ.՝ Երիտասարդական-փորձարարական, 2012 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոններ, Երևանի «STAGET» արտիստական թատրոն-ստուդիա («Մարդասպազմները» վերնագրով):
12. «Ճիչ» – 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն» («Աքլորականչ» վերնագրով), 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան, 2004 և 2010 թթ.՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2014 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոն, 2014 և 2015 թթ.-ին՝ ՀԹԳՄ թատրոն:
13. «Վերջին ծաղրածուն» – 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, 2018 թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ:
14. «Վերջի սկիզբը» – (մոնոդրամ՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Թիմոն աթենացի» ողբերգության ) 2006 թ.՝ Թեքեյան մշակութային կենտրոնի թատրոն:
15. «Հրադադար» -2006 թ.՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն,2011 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն, 2015 թ.՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2016թ.` Երևանի Մշակույթի Պետական Քոլեջի թատերախմբեր:
16. «Հավերժության գաղտնիքը» – 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն:
17. «Սիմոն թագավորը» – 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2015 թ. և 2019թ.՝ Քյոլնի «Վանադուռ» հայկական թատերախումբ («Արմենոցիդ» վերնագրով), 2016 թ.՝ Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի թատրոն:
18. «Մի ֆունտ սիրտ» – (մոնոդրամա՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության մոտիվներով), 2009 թ.՝ Վանաձորի «Բոհեմ» թատրոն, 2020 թ.՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոն:
19. «Գիսաստղ N ԱԶ ԱR» – 2010 թ.՝ Հալեպ, «Համազգային թատրոն»:
20. «Սերը պահարան չի հարցնում» – 2010 թ.՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան, 2018 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոններ, 2018 թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ:
21. «Քեռի Քուչին,Թոմն ու Ջերրին և մյուսները» -2013 թ.՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ., Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետթատրոններ:
22. «Փակուղուց այն կողմ» – 2014 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոն:
23. «Կանխիկ սեր, ապառիկ հարստություն»- 2016 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն («Միայն քեզ եմ սիրում» վերնագրով), 2019թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ: