Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,
Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Առաջին անգամ տոնը նշում ենք՝ առանց փոքրիկների աշխույժ աղմուկի, առանց նրանց՝ օրը տոն դարձնող զրնգուն ծիծաղի, սակայն էականը տոնի խորհուրդն է, որը բոլորիս հիշեցնում է երեխաների պաշտպանության ոլորտում առկա անելիքների մասին, այսօր առավել, քան երբևէ նրանց առողջության մասին մտածելու ժամանակն է:
Երեխաները մեր ապագայի, մեր հարատևության երաշխավորներն են։ Նրանց կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելը մեր ամենօրյա ջանքերից է կախված։ Մեր կյանքն իմաստավորվում է երեխաների ծնունդով և ձեռք բերում նոր գույն ու խորհուրդ։ Երեխաների կրթությունն ու դաստիարակությունը պետք է լինեն ամենօրյա հոգածության առարկա։ Մենք պարտավոր ենք լինել ամուր հենարան և տալ թևեր՝ թռիչքի համար:
Առանձնահատուկ ջերմության կարիք ունեն հատկապես սոցիալապես անապահով և հատուկ հաստատություններում գտնվող մեր փոքրիկ բարեկամները։ Նրանք առաջին հերթին սիրո և աջակցության կարիք ունեն։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի ապագայի պաշտպանությունը կախված է երեխաների պաշտպանությունից։
Թանկագին փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ, անամպ երկինք և հարթ ճանապարհ եմ մաղթում։ Ապրեք առողջ ու երջանիկ։ Թող ձեր այտերին մշտապես փայլի լուսավոր ժպիտը։