Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Ուսումնական տարվա առաջին օրը հիշարժան է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց և բուհ: Անցած տարի համավարակն ու պատերազմն իրենց ազդեցությունը չէին կարող չունենալ ուսումնական գործընթացի վրա՝ ստիպելով վերանայել աշխատակարգը, ուսումնառության ձևը: Արցախցի բազմաթիվ փոքրիկներ զրկվեցին կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից: Նրանց մի մասն այսօր կրթությունը շարունակում է Վանաձորի դպրոցներում: Ազգային մարտահրավերները հաղթահարելու ենք միասին՝ առաջին հերթին հզոր կրթության միջոցով: Մեզ բանիմաց սերունդ է պետք, որը կկերտի վաղվա հաղթանակները՝ ստեղծելով ամուր տնտեսություն, բարձր գիտություն, մարտունակ բանակ:
Որակյալ կրթությունը հասանելի պետք է լինի բոլորի համար։ Դպրոցը ոչ միայն ժամանակակից մարդու ձևավորման, այլև ազգային տեսակի դաստիարակության դարբնոց է։ Կրթական համակարգը շարունակական բարեփոխումների ընթացքում է։ Այն պարտավոր ենք իրականացնել՝ ելնելով նաև մեր պետական և ազգային քաղաքականության տեսածիրից: Յուրաքանչյուր պետություն հենվում է իր քաղաքացիների մտավոր ներուժի վրա: Գիտելիքն է որոշում նաև մարդու բարեկեցությունը:
Այսօրվա հիշարժան ակնթարթներն անմոռանալի են լինելու ողջ կյանքի համար։ Այսօր է տրվում գիտելիքի շտեմարանից անհատնում գանձեր ստանալու, նոր արժեքներով հարստանալու մեկնարկը:
Հայ ժողովուրդը մշտապես կարևորել է կրթությունը, քանի որ գիտակցել է, որ այն աշխարհաճանաչողության և նախնիների կուտակած գիտելիքն ու փորձը սերունդներին փոխանցելու միակ ճշմարիտ ճանապարհն է:
Կրթության գործի հարգարժա՛ն նվիրյալներ, սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, բազում հաջողություններ եմ մաղթում նոր ուսումնական տարում, հագեցած առօրյա և անսպառ ձեռքբերումներ:

You May Also Like