Սիրելի՛ երեխաներ և ծնողներ,
Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Տոնի խորհուրդը բոլորիս հիշեցնում է երեխաների պաշտպանության ոլորտում առկա անելիքների մասին, այսօր առավել, քան երբևէ նրանց խաղաղ ու ապահով կյանքի մասին մտածելու ժամանակն է:
Երեխաները մեր ապագայի, մեր հարատևության երաշխավորներն են։ Նրանց կյանքը երջանիկ, անվտանգ ու անհոգ դարձնելը մեր ամենօրյա ջանքերից է կախված։ Ցավոք, պատերազմը խլեց արցախցի մեր փոքրիկներից ամեն ինչ` կյանք, խաղաղություն, անվտանգություն, տուն ու տա նիք: Մենք առաջին հերթին նրանց կարիքները հոգալու պարտավորություն ունենք: Մեր կյանքն իմաստավորվում է երեխաների ծնունդով և ձեռք բերում նոր գույն ու խորհուրդ։ Երեխաների կրթությունն ու դաստիարակությունը պետք է լինեն ամենօրյա հոգածության առարկա։ Մենք պարտավոր ենք լինել ամուր հենարան և տալ թևեր՝ թռիչքի համար:
Առանձնահատուկ ջերմության կարիք ունեն հատկապես սոցիալապես անապահով և հատուկ հաստատություններում գտնվող մեր փոքրիկ բարեկամները։ Նրանք առաջին հերթին սիրո և աջակցության կարիք ունեն։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքի ապագայի պաշտպանությունը կախված է երեխաների պաշտպանությունից։
Թանկագին փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ, անամպ երկինք և հարթ ճանապարհ եմ մաղթում։ Ապրեք առողջ ու երջանիկ։ Թող ձեր այտերին մշտապես փայլի լուսավոր ժպիտը, խաղաղ ու անամպ երկինք եմ մաղթում: