Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Երկրապահի օրվա և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերաններ, երկրապահներ, ազատամարտիկներ, հայոց բանակի նվիրյալներ,
Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը միասնության և ազգային ոգու ամրապնդման գաղափարն է, խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը վերանվաճելու և ամուր պահելու գաղափարը:
Փոքրիկ Հայաստանը 76 տարի առաջ մեծ ներդրում ունեցավ ֆաշիզմի դեմ պայքարում, և մեր պապերը պատվով կրեցին հաղթանակի դափնիները: Տասնամյակներ անց նրանց որդիներն ու թոռները կերտեցին նոր հաղթանակներ՝ հանուն ազատ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգ և խաղաղ գալիքի: Երկրապահ հերոսների սխրանքները դարձան մեր կանոնավոր բանակի հիմքը, որն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր սահմանները։
Մեր խաղաղությունը, ցավոք, նորից մեզնից խլվեց: Արցախն ու արցախցին օրհասի միջով անցան, հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներին, սակայն չկորցրեց հավատը: Այն մեզ նորից օգնելու է ոտքի կանգնել, ամրանալ ու վերակերտել հաղթանակները, արժանի լինել ընկածներին, ստեղծել անվտանգություն մեր զավակների համար: Մենք այլընտրանք չունենք:
Երկրապահի օրը և Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը մեր ամենասիրված տոներից են։ Մայիսի 9-ը ազգային համախմբվածության, հայի բռունցքման ու մարտնչող բազկի հաղթության օրն է։ Մեր ուխտն է այն նորից լիարժեք դարձնել, վերադարձնել կորցրածը, արժանի լինել մեր զավակների թափած արյանը: Խաղաղություն հայոց սահմաններին, վերազարթոնք՝ Հայաստանին և շուտափույթ վերադարձ՝ չքնաղ Արցախին:

You May Also Like