Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստում

Այսօր՝ հունիսի 21-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր ավագանու 24 անդամ: Օրակարգում ընդգրկված էր 24 հարց:
Հարցերից մեկով ավագանու քվեարկությանն էր ներկայացված համայնքի բյուջեի եկամտային մասում 691.918.400 դրամի, իսկ ծախսային մասում 775.872.40 դրամի փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը: Ներկայացված իրավական ակտի ընդունումը պայմանավորված էր 2019 թ. հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում Վանաձոր համայնքի ծրագրերը հավանության արժանացնելու փաստով:
Հիմք ընդունելով բնակչության կողմից հողամասեր ձեռք բերելու դիմումների քանակը՝ անհրաժեշտություն է առաջացել 2019 թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերն ավելացնել 50 մլն ՀՀ դրամով: Կարգավորման նպատակն է, կատարելով վերաբաշխումներ, վարչական բյուջեի պահուստաֆոնդից կատարել հատկացումներ ֆոնդային բյուջե, համապատասխանեցնել սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվող գումարները:
Հաջորդ հարցով նախատեսվում էր Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով մասնակիցների և պատվիրակության անդամների մասնակցության հետ կապված ծախսերը հոգալու նպատակով բյուջեի ծախսային մասում կատարել փոփոխություն 22.032.500 դրամի չափով: Ի դեպ, Վանաձոր համայնքը մասնակցության հայտ է ներկայացրել 9 մարզաձևից:
Հարցերից մեկով էլ Վանաձոր համայնքի ավագանին որոշեց Վիրահայոց թեմի Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին ցուցաբերել աջակցություն 500 000 դրամի չափով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. Վանաձորի քույր քաղաք Բաթումի այցելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգնելու Վրաստանում միակ երկլեզու (հայերեն, վրացերեն) դպրոցին:
Ավագանին հաստատեց նաև Վանաձոր համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, որի հիման վրա էլ հաջորդ որոշումով հաստատվեցին համայնքի վարչական տարածքի կանգառների տիպային նախագծերը: Այս որոշումը մեծ դեր կխաղա քաղաքի ճարտարապետական միջավայրի բարելավման համար։
Հաջորդ հարցերով Ավագանին հավանության արժանացրեց N5, N15, N31 մանկապարտեզներում 1-ական խմբեր ավելացնելուն վերաբերող նախագծերը, N5, N15, N19, N 32 և N 35 ևN41 մանկապարտեզներում էլ՝ 2017 թ. հաստատված «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Թիվ 28 մանկապարտեզում «Վանաձոր համայնքի համայքանյին ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններընոր խմբագրությամբ հաստատելու մասին» որոշման մեջ կատարվեց փոփոխություն:
Ավագանու հաստատմանն էին ներկայացված նաև Վարձակալությամբ տարածք հանձնելու, օտարելու, աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գները սահմանելու մասին որոշումների նախագծերը: Ավագանին հավանության արժանացրեց նաև Վանաձոր համայնքի՝ 2019 թ. հողային հաշվեկշիռը: Տիգրան Մեծի 75 շենքի պատին էլ Ավագանու որոշմամբ կտեղադրվի անվանի դուդուկահար Վլադիմիր Կռոյանի հուշատախտակը:
Օրակարգի վերջին հարցով Ավագանին որոշեց հաջորդ հերթական նիստը գումարել սեպտեմբերի 19-ին:

You May Also Like