Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 25-ամյակի առթիվ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում համայնքապետարանի նիստերի դահլիճում։ Միջոցառմանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասաց․ «Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատանքից է մեծապես կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում, աշխատանք, որը արհեստավարժությունից, կազմակերպչական ունակությունից բացի, պահանջում է նաեւ զուտ մարդկային որակներ` պատասխանատվությունից մինչեւ համբերատարություն, բարեվարքություն և պարկեշտություն: Մեր քաղաքացիների արժանապատիվ կենսաձևի և ապագայի համար անհրաժեշտ է համայնքային մարմիններում ծառայություն մատուցողների ու քաղաքացիների համատեղ ու համերաշխ աշխատանք` հիմնված փոխօգնության ու փոխվստահության վրա: Վստահ եմ, որ նոր ձևավորվող Վանաձոր խոշորացված համայնքը , համայնքապետարանի աշխատակազմը և աշխատակիցներն իրենց պատասխանատու աշխատանքով շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համայնքի բնակիչների բարեկեցության և հետագա առաջընթացի»:
Մարզպետ Արամ Խաչատրյանը ևս հանդես եկավ շնորհավորանքի խոսքով․ «ՏԻՄ հարգարժա՛ն գործընկերներ, մեր պետության համար առաջնային նպատակ է ունենալ ընդլայնված հնարավորություններով ու միաժամանակ մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ դրա համար մեծ կարևորություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը համակարգի կայացման գործում, առավել բարեկեցիկ համայնքում ապրելու պահանջատիրությունը: Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ ուղղում նաև տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրավված կանանց, կին համայնքապետերին և ավագանու անդամներին, ովքեր կանացի հոգատարությամբ մասնակից են դառնում համայնքների խնդիրների լուծմանը: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում»,-ասաց Լոռու մարզպետը:
Միջոցառման ընթացքում շուրջ երեք տասնյակ համայնքային ծառայողներ ՏԻՄ ոլորտի զարգացման գործում արդյունավետ մասնակցության և աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար արժանացան շնորհակալագրերի։