Սիրելի կանա՛յք, մայրե՛ր, քույրե՛ր և դուստրե՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Հետզհետե մեծանում է ձեր ներգրավվածությունը մեր երկրի հասարակական կյանքում: Ձեր պատասխանատվության բարձր աստիճանը և մասնագիտական պատրաստվածությունը ստիպում են շատ գործատուների վերանայել իրենց հայացքները, ձեզ վստահել ամենակարևոր աշխատանքը: Ավելացել է այն կանանց թիվը, ովքեր իրենք են որոշումներ կայացնողների և զարգացման ուղղություն որոշողների դերում: Սա քայլ առաջ է, սակայն խնդիրներ և անելիքներ դեռ կան, որոնց լուծման համար այսօր ես տեսնում եմ քաղաքական կամք և ռազմավարություն:
Կանանց դերը կարևոր է եղել հայոց պատմության բոլոր շրջափուլերում: Ընտանիքի սյուն, ազգային արժեքների և ավանդույթների պահապան և դրանք սերունդներին փոխանցող Մայր-Ուսուցիչ-Դաստիարակ: Սա է հայ կնոջ գլխավոր առաքելությունը, որը նա շարունակում է սիրով և նվիրումով կատարել: Հայ տիկնայք հոգու արիությամբ տարել և տանում են դառնությունները, անհրաժեշտության դեպքում տղամարդու հետ միասին մեկնում պատերազմ, նրան գոտեպնդում, կռվում ինքնամոռաց՝ որպես մայր, ով կոչնչացնի զավակին սպառնացող ցանկացած վտանգ:
Թանկագին, սիրասուն կանա՛յք, մայրե՛ր, քույրե՛ր և դուստրե՛ր, երջանիկ և անպարտ է այն ժողովուրդը, որն ունի ձեզ նման հենարան: Շարունակեք լինել տիեզերքի Կենտրոնը, կյանքի և արարչության Սկիզբը: Կրկին շնորհավորում եմ, մաղթում եմ չխամրող կանացիություն և բազմաթիվ հաջողություններ: