Այսօր՝ հունիսի 10-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Վանաձորում ռուսական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Ներկա էին Գյումրիում` Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հյուպատոս Ռ.Ի. Կոնդաուրովը, դեսպանության և գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կենտրոնի բացման հովանավոր Արսեն Մնացականյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:
Միջոցառման մասնակիցներին դիմավորեցին ազգային տարազով և աղուհացով, այնուհետև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանի Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և կենտրոնի հովանավոր Արսեն Մնացականյանը հանդիսավորությամբ կտրեցին կարմիր ժապավենը:
Վանաձորում ռուսական կենտրոնի նորաբաց սրահում հյուրերին սպասում էին ռուսաց լեզվի անվճար դասընթացների մասնակից երեխաները՝ ուսուցիչների հետ միասին:
Հյուրերը հանդես եկան ողջույնի խոսքով: Մամիկոն Ասլանյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության բոլոր հեղինակներին, մասնավորապես, մեր համաքաղաքացի մոսկվայաբնակ Արսեն Մնացականյանին՝ իր ջանքերի համար, որոնց շնորհիվ այսօր բացում ենք այս գեղեցիկ մշակութային կենտրոնը, որը լցված է ռուս-հայկական շնչով: Վստահ եմ, որ այն բարի ավանդույթները, որոնք առկա էին խորհրդային Կիրովականում, կշարունակվեն և կզարգանան նաև այժմյան Վանաձորում: Բարի երթ հայ-ռուսական այս գեղեցիկ կենտրոնին և հայ-ռուսական համագործակցությանը»: Համայնքի ղեկավարը պատվոգիր հանձնեց Արսեն Մնացականյանին: Հյուրերն ու տանտերերը փոխանակեցին նաև հուշանվերներ:
Ողջույններից հետո ռուսաց լեզվի անվճար դասընթացների երեխաները ստացան 2-ամսյա դասընթացների ավարտական վկայականներ:
Կենտրոնի բացումը նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ. համագործակցության հուշագիր ստորագրվեց Վանաձորի քաղաքապետարանի և Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային և բիզնես կենտրոնի միջև: Ստորագրող կողմեր Վահրամ Կարապետյանը և Մամիկոն Ասլանյանը փոխանակվեցին փաստաթղթերով:
Ապա մանկական պարային համույթը կատարեց ռուսական պար: Ներկայացվեց կենտրոնի ստեղծման պատմությունը:
Տեղի ունեցավ բաց դաս «Հայրենիք» թեմայով, որը վարեց ռուսաց լեզվի անվճար դասընթացների ուսուցիչներից Մարինա Շահնազարյանը: Բաց դասի բոլոր մասնակիցները նվեր ստացան գրքեր: