Վանաձորի աթլետիկայի ՕՀՄՄԴ մարզասրահը նոր մարզագույք է ստացել

Այսօր՝ մարտի 16-ին, տեղի ունեցավ Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նորակառույց մարզասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն ամերիկաբնակ Ժորժ Ղարիբյանի և ավելի քան 2 տասնյակ բարեգործների ներդրումների շնորհիվ հագեցվել է ժամանակակից մարզասարքերով։ Նշենք, որ մարզասրահը կառուցվել է համայնք-կառավարություն համատեղ ֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրով։

Բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես եկավ սպորտդպրոցի տնօրեն Սուրեն Վեքիլյանը, ապա շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետը։ Արամ Խաչատրյանը խոսեց դպրոցի ձեռքբերումների և մարզիկների հաջողությունների մասին՝ մաղթելով նոր հաղթանակներ տարբեր մրցահարթակներում։ Բարեգործներն արժանացան Լոռու մարզպետի և սպորտդպրոցի տնօրինության շնորհակալագրերին։ Բացման խոսքով հանդես եկավ նաև Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը։ Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Արամ Խաչատրյանին և Ադիկ Արդարյանին։ Հյուրերը շրջեցին մարզասրահում և ծանոթացան պայմաններին։

You May Also Like