Վանաձոր, նախկին՝ Կիրովական, քաղաքը բարեկամական կապեր ունի շատ քաղաքների հետ, սակայն Ֆրանսիայի Բանյո քաղաքի հետ բարեկամությունը առանձնահատուկ է: Երբ 1957 թվականից հետո Եվրոպայում և աշխարհում քույր քաղաքների շարժումը նոր թափ ստացավ և քաղաքների ներկայացուցիչները ստեղծեցին «Քույր քաղաքների համաշխարհային ֆեդերացիա» (ՔՔՀՖ), Կիրովականը նախկին ԽՍՀՄ հանրապատությունների քաղաքներից առաջիններից էր, որ բարեկամություն հաստատեց Ֆրանսիայի Բանյո քաղաքի հետ 1967 թվականին:
Հայաստանի անկախացումից հետո Վանաձորի ղեկավարությունը և հանրությունը հավատարիմ մնացին այդ բարեկամության ոգուն և արդեն շուրջ 50 տարի է նորանոր նախագծերով և ծրագրերով է հարստանում այն:
Մարտի 2-ին Վանաձոր էր ժամանել Բանյո քաղաքի ներկայացուցիչը , ով հյուրըկալվեց Վանաձորի համայնքապետարանում: Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Բանյո քաղաքի ներկայացուցիչ Նատալի Թոփակյանի և «Նռենի» հկ նախագահ Անուշ Առնավուտյանին : Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, մշակույթի և կրթության բաժնի մասնագետ Լիդա Զարգարյանը և Վանաձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:
Հանդիպման ընթացքում Անուշ Առնավուտյանը ներկայացրեց 2004թ.-ից մինչ օրս կազմակերպության կողմից Վանաձորում կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը:
Մանրամասն խոսվեց «Փոքրիկ նապաստակ» կենտրոնի մասին, որտեղ հաճախում են 0-4 տարեկան երեխաները: Այն վաղ-սոցիալական կենտրոն է, որի հիմնական նպատակն է լուծել երեխաների շփման խնդիրները: Ներկայացվեց նաև տարածքի հետ կապված խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Վանաձոր-Բանյո քույր քաղաքների համագործակցության հեռանկարները: