Սա այն դեպքն է, երբ Աստվածաշնչյան ասույթը տեղին է հնչեցնել «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախը» մտայնությամբ և երբ գործը բարեգործություն չէ, հայրենիքի պաշտպանության համար գործնական մտահոգություն է:
Վանաձորի քաղաքապետն ապրիլի 7-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել փոփոխություն 3 մլն դրամի չափով: Մինչ ավագանու նիստի օրակարգին անցնելը քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջարկությամբ ավագանու անդամները և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլի 1-ից 5-ը Լեռնային Ղարաբաղի ճակատային գծում զոհված հայ սպաների և զինվորների հիշատակը:
Վանաձորի ավագանին միաձայն որոշեց համայնքի բյուջեից 3 մլն դրամ հատկացնել «ԼՈՌԻ-ԱՐՑԱԽ» մարդասիրական հիմնադրամին: Քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջարկությամբ ավագանին նաև միաձայն որոշեց, բացառության կարգով , վանաձորցի յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին համայնքի բյուջեից հատկացնել 250 հազար դրամ:
Տեղեկացնենք նաև , որ Վանաձորի ավագանու անդամներն իրենց անձնական միջոցներից հանգանակել են 300 հազար դրամ, իսկ Վանաձորի քաղաքապետը հիմնադրամին կփոխանցի իր մեկ ամսվա աշխատավարձը: Ավագանու անդամ Արմեն Մատինյանն իր անձնական միջոցներից ևս 100 հազար դրամ է հատկացրել հիմնադրամին:
Նույն օրը Վանաձորի քաղաքապետի և աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի ունեցով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների և համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվների ընդլայնված ժողովը , ուր աշխատակիցները միահամուռ որոշեցին հնարավորինս կարճ ժամկետում դրամական և նյութական օգնություն ցուցաբերել Արցախի մեր հայրենակիցներին:
Այս նախաձեռնությունը կիրականացվի կամավորություն սկզբունքով, բայց արդեն իսկ ժողովականների տրամադրությունից պարզ դարձավ, որ բոլորն անխտիր մասնակցություն կունենան հայրենանվեր այս գործին: