Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան։ Հայ բանակաշինության գործում անուրանալի ավանդ ունեցող և Հայաստանի նորանկախ հանրապետության կայացմանն իր անսահման նվիրումն ու եռանդը բերած ռազմական և պետական գործիչը թե՛ կենդանության օրոք, թե՛ անմահության մեջ կարևորագույն ուղերձ է հղել և հղում բոլորիս. «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ պետք է տա»։
Ասուպի նման կարճ և լուսավոր երկրային ուղին Սպարապետն անցավ մեծ հայրենասերի պատվով։ Կամային հզոր որակների տեր հրամանատարի, պաշտպանության նախարարի ու վարչապետի միակ երազանքը ուժեղ անհատներ ունեցող հզոր ժողովրդի ստեղծած անպարտելի երկիրն էր,մտավորական Վազգենի երազանքը՝ «Ես կուզեի տեսնել այն շատ կառուցող, շատ ինքնուրույն, ինքնաբավ, հզոր մշակույթ, դպրոց եւ բանակ ունեցող երկիր» տեսլականի նյութականացումը։ Ուրեմն բոլորիս պարտքն է դառնալ այդ պատգամների ժառանգորդներն ու կյանքի կոչողները։
Շնորհավո՛ր տարեդարձդ, հայ ժողովրդի հերոս զավակ։ Լույս և խաղաղություն հոգուդ։ Տիեզերական բարձրից շարունակիր հսկել մեր հայրենիքի անառիկ սահմանները։