Ավանդական Ծաղկի տոն համաքաղաքային տոնախմբությունն այս տարի ևս իր շուրջը համախմբեց մարզկենտրոն Վանաձորի երաժշտական համույթներին, արվեստի դպրոցների, ՆՈՒՀ-երի, ինչպես նաև քաղաքի երաժշտասեր հասարակությանը: Նպատակը կրկին օրը տոն դարձնելն էր ու մարդկանց ժպիտ պարգևելը:
Թեև եղանակն անբարեհաճ գտնվեց և կիրակին արևոտ չէր, այնուամենայնիվ, միջոցառումը կայացավ: Նախ երիտասարդները տոնի հյուրերին բաժանեցին նախօրեին Թեժ լեռան հովտից հավաքած ծաղիկներն ու ծաղկեպսակները, ապա ներկայացվեցին երկու տասնայակից ավելի գեղարվեստական համարներ, գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիաներ թղթից, կտորեղենից, փուչիկներից և այլն: Ցերեկույթը համեմվեց համերգային ծրագրով: Ցուցահանդեսներով հանդես եկան քաղաքի մշակույթի տները, իսկ սաները գեղանկարչության բաց դաս անցկացրին հենց Սայաթ-Նովայի զբոսայգում:
Տոնակատարության անբաժանելի մասն էր կազմում ծաղկասերների մրցույթը: Հայտատուները մրցակցում էին մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ ծաղկաշատ հիմնարկություն, լավագույն ձևավորված դեկորատիվ ծաղիկներ, լավագույն խնամված ծաղկանոց, ծաղկաշատ բակ և օրինակելի խնամված բակ: Մրցույթում հաղթող ճանաչված անձիք և կազմակերպությունները արժանացան խրախուսանքի և պատվոգրերի: Խոսելով տոնակատարության այս և անցած տարիների տարբերությունների մասին, ՎՔ կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը թվեց ձեռքբերումներից մի քանիսը: