Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

Սիրելի վանաձորցիներ, այս օրը բոլորիս տոնն է։ ՀՀ անկախացումից ի վեր պետականաշինությանը միտված քայլերում անգնահատելի է Տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի ձևավորումն ու զարգացումը։ ՏԻՄ դերն ու նշանակությունը պետական ենթակառուցվածքների կայացման և ժողովրդավարության ամրապնդման գործում խիստ կարևոր է։ ՀՀ Ազգային Ժողովը, կարևորելով այս իրողությունը, 2011 թվականին նոյեմբերի 10-ը հռչակեց որպես Տեղական ինքնակառավարման օր։
1996 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ձևավորվեցին Տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ստեղծվեցին բնակչության բարեկեցության բարելավման, սեփական պատասխանատվությամբ և oրենքի շրջանակում համայնքային խնդիրները լուծելու և համայնքի uեփականությունը տնoրինելու նպատակով։ ՏԻՄ համակարգը, նրա գործառույթները կայացման երկար ճանապարհ են անցել և դեռ շարունակելու են կատարելագործվել։ Այս օրը յուրաքանչյուր վանաձորցու տոնն է, իր համայնքը շենացնելու, իր ընտրած ներկայացուցիչների միջոցով այն արդյունավետ կառավարելու և յուրաքանչյուր վանաձորցու համար ավելի բարեկեցիկ ու բարեկարգ համայնք կերտելու օրը։ Նոյեմբերի 10-ը յուրատեսակ հիշեցում է, սկսած համայնքի ղեկավարից, ավագանուց, մինչև համայնքի վերջին բնակիչը, որ ձեռք-ձեռքի կառուցենք և շենացնենք մեր բնօրրանը, այսօրվա բոլոր մարտահրավերներն ընդունենք բաց ճակատով և կառուցողական մոտեցմամբ։ Իրական իշխանությամբ օժտված Տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունն ապահովում է արդյունավետ և, միաժամանակ, քաղաքացուն մոտեցված կառավարում, տեղական ինքնակառավարման պաշտպանությունն ու ամրապնդումը նշանակալի ներդրում են ժողովրդավարության և իշխանության ապակենտրոնացման գործում։
Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևոր ու գեղեցիկ օրվա առթիվ։ Վստահ եմ՝ միասին կառուցելու ենք մեր երազանքների Վանաձորը, որը երբևէ որևէ վանաձորցի չի ցանկանա լքել։

You May Also Like

Leave a Reply