Տեղի ունեցավ «Լոռվա Ձորի» պարի հանրապետական փառատոնը

Մայիսի 25-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Լոռվա Ձորի» պարի հանրապետական փառատոնը։ Արդեն չորս տարի փառատոնը Վանաձորում կազմակերպում է ԱՐՏԻՍՏ.ԷՅԷՄ մշակութային կենտրոնը, որի նպատակն է Վանաձոր բերել հանրապետության տարբեր համայնքներում գործող պարի խմբերի։
Փառատոնին այս տարի մասնակցել են պարի համույթներ հյուրընկալող Վանաձորից, Երևանից, Գյումրիից, Գորիսից, ընդհանուր առմամբ շուրջ 200 մասնակից։
Փառատոնի ժյուրիի կազմում էին հանրապետության պարարվեստի ոլորտի նշանավոր գործիչներ՝ Սրբուհի Բաբայանը, Աշխեն Բոյաջյանը, Արթուր Զաքարյանը և Սուրեն Խաչատրյանը։
Միջոցառմանը ներկա է գտնվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Մրցույթն ամփոփելուց և մրցանակաբաշխությունից հետո Արկադի Փելեշյանը շնորհավորել է փառատոնի մասնակիցներին ու կազմակերպիչներին’ այն բարձր մակարդակով անցկացնելու համար։
«Իսկապես կարևոր գործ եք կատարում, քանի որ հենց այսպիսի միջոցառումներն են նպաստում մեր ազգային մշակույթի տարածմանն ու պահպանմանը»,- նշել է Արկադի Փելեշյանը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը իր կողմից հատուկ մրցանակ է շնորհել «Հայ աստղեր» համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Խաչատրյանին։
Համայնքի ղեկավարի անունից ժյուրիի անդամներին շնորհակալագրեր է հանձնել համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյան։
Արդեն ավանդույթի համաձայն Վանաձոր եկած պարի համույթները, բացի համերգային ծրագրի մասնակցությունից, շրջայց են կատարում Վանաձորում՝ ծանոթանալով Վանաձորի պատմամշակութային հարուստ ժառանգությանը:

You May Also Like