Փետրվարի 3-ին Թեժ լեռան հովտում անցկացվեց «Լոռվա ձմեռ – 2024» մարզատոնահանդեսը՝ հոբելյանական 50-րդը։
Այն լոռեցինռրի ամենասիրելի տոնեից մեկն է, որ նշվում է ավանդական երգ ու պարով, խաղերով ու մրցումներով։
Մարզատոնահանդեսին մասնակցել են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, մարզիկներ, մարզասերներ, հարևան համայնքներից հյուրեր։
Մարզատոնահանդեսի հանդիսավոր բանցմանը ողջույնի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա բարեմաղթել է լավ օր անցկացնել մեր չքնաղ բնության գրկում, վայելել ավանդական տոնակատարությունը։
Ներկաներին ողջունել է նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը նշելով, որ «Լոռվա ձմեռ» տոնակատարությունը առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու, ձմեռային ու ազգային մարզաձևերի զարգացմանը նպաստելու առումով մեծ նշանակություն ունի:
Մարզատոնահանդեսի ջահը վառելու պատիվն այս տարի բռնցքամարտիկ, 2023 թվականի աշխարհի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Արգիշտի Հակոբյանինն ու սամբո ըմբշամարտիկ 2023 թվականի աշխարհի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի պատանիների սամբոյի առաջնության արծաթե մեդալակիր Մհեր Օհանյանինն էր:
Մարզատոնահանդեսի ծրագրում անցկացվել են 18 մարզաձևերից մրցումներ, ելույթ են ունեցել գեղարվեստական համույթներ ու անհատ կատարողներ։
«Լոռվա ձմեռ» տոնակատարության սիրված ավանդույթներից մեկը լարախաղացություն է․ փահլեվանը կենդանի երաժշտության ուղեկցությամբ հնարքներ է ցուցադրել լարի վրա՝ իր շուրջը հավաքելով հանդիսականներին։
Մրցաշարերի հաղթողները պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և մրցանակներով։ Խաղարկվել են նաև հատուկ մրցանակներ։