Հուլիսի 12-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի Ղեկավար կոմիտեի վերջին նիստը։ Նիստին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, ծրագրի ոլորտային փորձագետներ։ Հանդիպմանը տեսակապով միացել էին նաև Լեհաստանի Պիլա քաղաքի նորընտիր քաղաքապետ Բիատա Դուջինսկան ու ծրագրի գործընկերները։
Նիստի մասնակիցներին ողջունեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա նախ շնորհավորեց Պիլայի գործընկերոջը քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթեց հաջողություն՝ ի շահ Պիլայի քաղաքացիների։ Ծրագրի մասին խոսելով՝ Արկադի Փելեշյանը նշեց․
«Չնայած ծրագրի ընթացքում ծագած բոլոր դժվարություններին, ծրագիրը գրեթե իրականացված է, և մեր 2 քաղաքներում՝ Վանաձորում, վստահ եմ՝ նաև Գյումրիում, տեսանելի են ծրագրի արդյունքները։ Այս ծրագիրը նախադրյալ է շարունակելու մեր քաղաքներում բնության պահպանությունը և քաղաքացիների կյանքի որակի բարելավումը՝ դրանք միմյանց զուգորդելով»։
Ներկաներին ողջունեցին Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ապա Պիլաի քաղաքապետ Բիաստա Դուջինսկան։
Ծրագրի մասին խոսեց ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։
Ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված գործողությունները, խոսեց ծագած դժվարությունների մասին։ Նա շնորհակալություն հայտնեց և շեշտեց, որ ծրագիրը հաջողել է պետական տարբեր գերատեսչությունների ու 2 համայնքապետարանների, ինչպես նաև փորձագետների համագործակցության ու պատրաստակամ աշխատանքի շնորհիվ։
Ոլորտների փորձագետները ներկայացրեցին Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու դրանց կարևորությունը համայնքների հետագա զարգացման համար։
Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը խոսեց ծրագրի ընթացքում համայնքների միջև ձևավորված համագործակցության մասին, ինչպես նաև նշեց, որ այս տարիների ընթացքում Պիլայի հետ գործընկերությունը կարող է ավելի ամրապնդվել այլ ձևաչափով։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր խոսքում ընդգծեց, որ կարևոր է ոչ միայն ֆինանսավորում ստանալը, այլև կարողությունների զարգացումը, ինչն այս ծրագրի շրջանակներում ապահովվել է։
Ծրագրի ղեկավարը նշեց, որ ծրագրի բոլոր կոմպոնենտների վերաբերյալ խորը ուսումնասիրություններ են կատարվել և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում։ Դրանք փաստում են, որ երկու համայնքներում էլ ծրագրի արդյունքում ներդրվող նորարարական մոտեցումներին բնակիչները պատրաստ են, ավելին, դա ժամանակի հրամայականն է։ Իհարկե, ծրագրի իրականացման ողջ ընթացքում կատարվել են հանրային իրազեկման աշխատանքներ տարբեր տարիքային խմբերի հետ։ Իրականացվել են իրազեկման արշավներ դպրոցներում, մանկապարտեզներում, պատրաստվել են տեսանյութեր, գովազդային ցուցանակներ, պաստառներ։
Ծրագրի շրջանակում իրականացվել են 5 ենթադրամաշնորհային ծրագրեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Ծրագրի ավարտին Վանաձոր և Գյումրի համայնքները վերջնարդյունքում ունեն նախատեսված բոլոր բաղադրիչները․
կայուն և կանաչ կառավարման համար անհրաժեշտ մշակված քաղաքականությունների և ընթացակարգերի մշակված փաթեթներ,
բարելավված ծառայություններ,
աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS),
«կանաչ» հանրային տրանսպորտի կիրառում, (որը կներդրվի ավտոբուսները ստանալու պես),
պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկա (կգործարկվի պլաստիկի վերամշակման հոսքագիծ),
համայնքային ծառայողների կարողությունների զարգացում։
Ծրագիրը նախադեպային է և առաջին կայացած փորձն է ԵՄ կողմից ուղիղ համայնքների ֆինանսավորման, ինչպես նաև համայնք-մասնավոր համագործակցություն սկսելու առումով։