Ինչպես պաշտոնապես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի հետ կայացած հանդիպմանը ներկայացրվել է 2013թ. նախարարության գերակա խնդիրները, ՄԶԳ-ի հետ համագործակցության ուղղությունները:
Փոխվարչապետը կարևորեել է նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակումը, որը պետք է արտացոլի համակարգի զարգացման տեսլականը, ինչպես նաև ներառի ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մշակված «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի գաղափարները:
Գործունեության հաջորդ ուղղությունը վերաբերելու է պետական-ՏԻ մարմիններ հարաբերություններում վերահսկողական խնդիրների հստակեցմանը: Կվերլուծվի գործող օրենսդրությունն ու փորձը, այն կհամադրվի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև համայնքների ներքին կառավարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները, ինչպես նաև համայնքներում գնումների գործընթացի հետ կապված խնդիրները: Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները նույնպես նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են: Գործնական քայլեր կիրականացվեն օրենսդրության կատարելագործման, մասնավորապես` «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի ընդունման և կիրառման, միասնական տեղական հարկի ներմուծման ուղղությամբ:
Նշված բոլոր ուղղությունները, ըստ փոխվարչապետի, լինելու են նաև գործընկեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության օրակարգում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակման աշխատանքներում ՄԶԳ-ի կողմից փորձագետների ներգրավման վերաբերյալ: