Այսօր Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ անվանի գրողի 135-ամյակին նվիրված անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը։
Ֆիլմը պատրաստվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակներում։
Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, հոգևոր դասի անդամներ, արվեստագետներ, մտավորականներ, հյուրեր։
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը։ Նա ներկայացրեց թանգարանի կողմից հոբելյանական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, շնորհակալություն հայտնեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին ցուցաբերած ուշադրության և միշտ աջակցելու համար, ինչպես նաև կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանին։
Թանգարանը Ստեփան Զորյանի 130-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել։ Նորոգվել և արդիականացվել է թանգարանի 7-րդ ցուցասրահը, որտեղ փակցվում են և պարբերաբար թարմացվում են Զորյանի ստեղծագործությունները։ Թանգարանը համագործակցում է տարբեր մշակութային կենտրոնների հետ, իսկ օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Վանաձոր Լոֆթ կենտրոնի հետ։
Օրհնության խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Ելույթ ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։ Նա խոսեց Զորյանի ստեղծագործությունների ոգեկոչող և անկախության արժևորման ու պահպանմանը միտված գրականության մասին։
Ելույթով հանդես եկան Լոռու մարզի գրողների միության նախագահ Սամվել Միկոյանը, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, ՎՊՀ դասախոս Գայանե Մալումյանը։
Ֆիլմի ստեղծման մասին ներկայացրեց թանգարանի ավագ գիտաշխատող Մերի Հակոբյանը, որի գաղափարնել եղել է Զորյանին ներկայացնել նոր ու հետաքրքիր ձևաչափով։
Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրվել։ Այն երաժշտությունը հեղինակել ու նվիրել է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։
Հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց ֆիլմը․
գեղեցիկ անիմացիոն պատկերներ, զորյանական ոգով՝ կարճ ու բովանդակալից, յուրահատուկ երաժշտությամբ։
Միջոցառման ավարտին բեմ հրավիրվեց Ստեփան Զորյանի թոռնուհին’ Հռիփսիմե Զորյանը։ Նա թանգարանին նվիրեց ձիու պայտը, որը կախել են Զորյանի մահճակալի գլխավերևում՝ հույսով, որ չախտորոշված հիվանդությունը գուցե ժողովրդական սնոտիապաշտությամբ բուժվի։