ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի և հանրապետության տասը համայնքների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը և Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ախուրյանի, Սառնաղբյուրի, Պեմզաշենի համայնքների, Վարդենիսի «Պարտեզ» բարեգործական հիմնադրամի ղեկավարները:
«Կառավարության համապատասխան օղակները, միջազգային մեր գործընկերների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵՄ կառույցների ու համայնքների հետ համագործակցության կարևոր ուղղություն են որդեգրում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի որոշ ժամանակ անց կարողանանք արձանագրել համագործակցության արդյունավետությունը: Ծրագիրը, որն առաջին հերթին ուղղված է համայնքային կյանքին միգրանտների ինտեգրմանը, նրանց համար համապատասխան պայմանների ստեղծմանը, հուսով եմ, կլինի այն ծրագրեից, որը կնպաստի միգրացիոն երևույթների կարգավորմանը, և համապատասխան համայնքներում կստեղծվեն որոշակի նախադրյալներ՝ նոր ու հետաքրքիր նախաձեռնությունների համար»,-նշել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ ընդհանուր հաջողությունը կնպաստի նաև համայնքներում նոր ծրագրերի իրականացմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ չորս մարզերում աշխատանքներն սկսվել են դեռ անցյալ տարի, և շուրջ 1000 ընտանիքի կարիքների գնահատում է իրականացվել:
«Այս ծրագիրը թույլ է տալիս արդեն գնահատված կարիքների բավարարման ուղղությամբ կոնկրետ գործնական աշխատանքներ իրականացնել, մասնավորապես, օժանադակելով այդ ընտանիքներին: Ես նաև կարևորում եմ տեղական սոցիալական ծրագրերի իրականացման հարցում համայնքների նախաձեռնությունը, քանի որ դա թույլ է տալու գնահատված կարիքներին համապատասխան ծառայություններ մտուցել»,-նշել է նախարարը:
Ըստ նրա՝ ծրագիրը նաև կառավարության՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության շրջանակում է:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը նշել է, որ ծրագրերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և ծառայություն մատուցող մարմինների կողմից նախանշված առաջնահերթությունները:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՏԻՄ-երի ակտիվ մասնակցությունը սոցիալական ապահովության և երեխաների բարեկեցության գործում: Անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, երեխաները որակյալ ծառայություններից օգտվելու իրավունք ունեն: Հայաստանի ՏԻՄ-երը իրականացնում են ոլորտային քաղաքականություն, որը կոչված է նպաստելու երեխաների բարեկեցությանը»,-ընդգծել է հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ այսօրվա նախաձեռնությամբ ներքևից վերև արդյունավետ պլանավորման և տեղական մակարդակում շահագրիգռ կողմերի համագործակցության նախադեպ է ստեղծում:
Հուշագրով ընդհանուր առմամբ 100 հազար եվրոյի դրամաշնորհային միջոցներ կհատկացվեն՝ համայնքային տասը ենթածրագրերի համար, որոնք կդառնան Եվրամիության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ենթածրագրերը մասնավորապես ուղղված են լինելու սոցիալապես խոցելի խմբերի և միգրանտ ընտանիքների աջակցությանը, երեխաների զարգացմանն ու կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանների բարելավմանը: