Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության վերաբերյալ համայնքային երկրորդ ընդհանուր ժողովը:
Ժողովին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը, աշխատակիցներ, համայնքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Արամ Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց «Վանաձոր խոշորացված համայնքի սանիտարական պայմանների բարելավում» ենթածրագրի առաջարկը` ՍՆՏԶ Ծրագրին մասնակցելու համար և դրա նախապատրաստմանն ուղղված նախաձեռնող խմբի կողմից կատարված աշխատանքը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վանաձոր համայնքին տրամադրել՝
1 հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա/փոշեկուլ/,
5 հատ աղբատար մեքենա՝ հետևի բարձմամբ և
1 հատ աղբատար մեքենա՝ կողային բարձմամբ։
Համայնքը որպես սեփականություն ունի 2 բազմաֆունկցիոնալ մեքենա, 2 աղբատար մեքենա, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով այս տարի ձեռք է բերվում ևս 4 հատ աղբատար մեքենա։
ԵՄ ծրագրով արդեն ձեռք է բերվել 330 խառը աղբի և 330 պլաստիկի համար նախատեսված աղբամաններ։
Համայնքային բյուջեով ձեռք կբերվի ևս 350 աղբարկղ, համայնքում տեղադրված է 600 աղբարկղ։
Բնակչությունից հավաքագրվող աղբահանության ամսական վարձավճարը կմնա նույնը (200 ՀՀ դրամ)։ Հաշվարկվել է, որ ծրագրով ձեռք բերվող տեխնիկան զգալի խնայողություն կապահովի համայնքի համար։
Արդյունքում համայնքը կունենա իր սեփական մեքենա-սարքավորումները, ինքնուրույն և ավելի արդյունավետ կհոգա կոմունալ ծառայությունների մատուցման և աղբահանության իր պարտականությունները։ Կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ վարորդի, մեխանիկի, բանվորի հաստիքներով։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 364.000.000 ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմում է 5%` 18.200.000 ՀՀ դրամ:
Ծրագիրը հաստատվեց քվեարկությամբ։ Համայնքը տեխնիկան կստանա մինչև տարեվերջ։