Սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ,
Սիրով շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ամանորը ընտանեկան տոն է և մեզ համար ամենասպասվածն է: Վանաձորն էլ մեր բոլորիս մեծ ընտանիքն է, որի խնդիրներով ապրում, հաջողություններով ուրախանում ենք:
2014թ. դյուրին տարի չէր աշխատանքային առումով: Այն լի էր դժվարություններով և փորձություններով: Բայց այսօր, երբ այն արդեն ավարտվում է, վստահորեն կարելի է ասել, որ գրանցվել են շոշափելի արդյունքներ: Նոր տարին իր հետ կբերի նոր խնդիրներ, որը, համոզված եղեք, կլինեն մեր ուշադրության կենտրոնում և կստանան իրենց լուծումները: Նոր տարին հնարավորություն է տալիս ամփոփելու անցնող տարին և ծրագրելու անելիքները:
Թող 2014 թվականն իր հետ տանի բոլոր դժվարությունները, փորձություններն ու տխրությունները, իսկ 2015 թվականն իր հետ բերի միայն հաջողություն, ուրախություն և երջանկություն ձեր օջախներին: Մաղթում եմ, որ Ամանորը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին, մեր քաղաքին և Վանաձորի յուրաքանչյուր ընտանիքին: Թող այս Ամանորը լինի ուրախ, հրաշքներով լի, ձեռքբերումների և նոր սպասումների արդարացման տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան