Այսօր Վանաձորում Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվան նվիրված միջոցառում տեղի ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում՝ Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ։ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ և ոգեկոչման արարողություն՝ Արցախյան ազատամարտում հայրենիքի համար կյանքը տված հայորդիների հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ ու զինվորներ, քաղաքացիներ:
Գուգարաց թեմի առաջնորդը օրհնության խոսք և հաղթանակները վերադարձնելու պատգամ հղեց։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ։
Միջոցառման մասնակիցները այցելել են ՀՀ և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ծաղիկներ են տեղադրել, ապա այցելել են Վանաձորի զինվորական պանթեոններ՝ ծաղիկներ խոնարհելով՝ հարգանքի տուրք մատուցել մեր անմահ հերոսների հիշատակին։